«Ամեն օր աղբավայրը վառում են, գարշահոտից ու ճանճերից պատուհան բացել չի լինում». Վեդիի բնակիչները կրկին ահազանգում են
Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչները հերթական անգամ ահազանգում են՝ Վեդիից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը կրկին հրդեհել են, ինչի հետևանքով ամբողջ ծուխն ու գարշահոտը տարածվել է քաղաքի, հատկապես՝ աղբավայրին մոտ գտնվող տների մոտ։
Վեդիի բնակիչ Ավետիս Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 1 տարուց ավելի է, ինչ խնդրի մասին բարձրաձայնում են, սակայն անօգուտ, պատկան մարմինները ոչ մի լուծում չեն տալիս հարցին․
«Ցանկացած վեդեցու այս պահին եկեք հարցրեք, նորից նույն պատմությունը կա, ամեն օր աղբավայրը վառում են, գարշահոտից ու ճանճերից պատուհան բացել էլ չի լինում։ Մի քանի օր առաջ նենց ծուխ էր, որ կմտածեիք՝ մի ամբողջ քաղաք է վառվում։ Պատկերացրեք, որ պաժառնին 3 հաշվարկով անընդհատ աղբավայրում է՝ կրակ են հանգցնում… Մարզպետարանից ոչ եկել են, ոչ տեսել են, ոչ էլ այս հարցը քննարկում են, քաղաքապետի մասին էլ չասեմ…»։
Վեդիում դեռ նախորդ տարեվերջին պետք է շահագործվեր աղբի վերամշակման գործարանը, որից հետո այս հարցը մեկընդմիշտ պետք է փակվեր, սակայն աղբի վերամշակման գործարանի տնօրենն այս գարնանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինչ-ինչ պատճառներով գործընթացը հետաձգվել է, և, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գործարանը կշահագործվի։
168.am-ը կապ հաստատեց Վեդիի աղբի վերամշակման գործարանի տնօրեն Յուրա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե, ի վերջո, ե՞րբ կշահագործվի գործարանը։ Յուրա Հարությունյանը պատասխանեց, որ գործարանն այս պահին գրեթե ամբողջությամբ պատրաստ է աղբ ընդունել, սակայն հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այն կշահագործվի կամ այս տարի նոյեմբեր ամսին, կամ 2022-ի հունիսին։
«Ճիշտն ասած՝ հիմա բուլղարական և ճապոնական դեսպանատների հետ բանակցություններ ենք անում, ծրագիր եմ ներկայացրել, որը մեր գործարանի հնարավորությունները մի քանի անգամ կավելացնի։ Մենք հաշվարկներն անում ենք նորմալ աղբի վրա, բայց քանի որ մեր մոտ բոլորը գյուղական համայնքներ են, նայում ենք աղբի կառուցվածքին, հինն ու թազեն, թացն ու չորը, սաղ այնպես են խառնվում իրար, որ ահագին դժվարանում է գործընթացը։ Հիմա մենք նախատեսել ենք, որ մինչև նոյեմբեր գործարանը շահագործվի, բայց այս հանգամանքը հաշվի առնելով, հնարավոր է՝ եկող տարի հունիսին շահագործվի»,- ասաց Յուրա Հարությունյանը, ապա հավելեց, որ բոլոր 16 համայնքներում կտեղադրվեն տարբեր տեսակի աղբամաններ։
Իսկ թե մինչ այդ ի՞նչ է սպասվում Վեդիի բնակիչներին, արդյո՞ք ևս 1 տարի ստիպված են գարշահոտ շնչել, Աղբի վերամշակման գործարանի տնօրենը վստահեցրեց, որ աղբավայրի մոտ պահակակետ կկառուցեն, որպեսզի թույլ չտան աղբը չնախատեսված վայրում՝ ճանապարհներին լցնել, ինչպես նաև բացառեն աղբի այրումը։
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի բնակիչները նախորդ տարվա հուլիսին բողոքի ակցիա էին անցկացրել քաղաքից դեպի իրենց այգիներ տանող ճանապարհի հատվածում, որն արդեն մի քանի տարի աղբավայր է դարձել:
«Ամբողջ գյուղերը ծխի մեջ կորած են, ժողովուրդն անգամ դաշտի մեջ չի կարողանում հող մշակել: Այս ծուխը խեղդում է, հայրս վատացել է, շտապօգնություն ենք կանչել, չի կարողացել գալ, ասում է՝ ո՞նց անեմ: Երեկոյան ժողովուրդը որ ուզում է դուրս գան, հովին նստեն, չեն կարողանում, քանի որ ծուխը լցվում է քաղաքի մեջ, լվացք են փռում, ասում են՝ շան հոտ է գալիս լվացքից»,- 168.am-ի հետ զրույցում ասել էին գյուղացիները։