Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին եւ անխափան կազմակերպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, հանդիպման ընթացքում մարզպետը շեշտել է, որ մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված նախագծի, ճանապարհով անցնող այլ ենթակառուցվածքների նորոգման կամ տեղափոխման հետ կապված խնդիրները եւ ներկայացնել համապատասխան քննարկման, որպեսզի դրանք ժամանակին կարգավորվեն համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
Պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհի նորոգման արդյունքում ֆրեզված ասֆալտբետոնյա հին շերտի հանույթը տրամադրվելու է համայնքներին՝ օգտագործելու դեպի դպրոց, մանկապարտեզ եւ բուժհաստատություններ տանող ճանապարհների հարթեցման կամ նորոգման նպատակներով։ Աշխատանքների ընթացքում առաջացած շինաղբը պետք է տեղափոխվի միայն նախագծով նախատեսված վայրեր՝ բացառելով ճանապարհաեզրերին դրանց կուտակումները։
Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սեւան-Լճափ ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։
Խոսրով Խլղաթյան