Զգուշացե՛ք, Փաշինյանն է գալիս
Այսօր առավոտյան Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը մտնում էր շենք, և այդ պահին երկու տղամարդ անցնում էին այդ հատվածով, այդ ժամին հավանաբար շտապում էին աշխատանքի: Վայրկյաններ անց ոստիկանության ավելի քան երկու տասնյակ ծառայողներ, կարծես մեկ հրահանգով, վազեցին դեպի քաղաքացիներն ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց։
Կառավարության շենքի մուտքը հսկող ոստիկաններից մեկը քաղաքացիներին հրահանգեց կանգնել, ամենայն հավանականությամբ, ավտոշարասյան ու ոստիկանների բարձրացրած աղմուկի մեջ քաղաքացիները չէին լսել հրահանգը և ընդամենը մեկ քայլ առաջ էին գնացել, դրանից հետո ոստիկանները հարձակվեցին երկու քաղաքացիների վրա, թե՝ կանգնեք, ո՞ւր եք գնում։ Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները սկսեցին գոռալ քաղաքացիների վրա, ինչից հետո Կառավարության շենքի մոտ կայանած ավտոբուսներից ավելի քան 3 տասնյակ ոստիկաններ արագ դուրս եկան ու վազքով մոտեցան մուտքին և առանց պարզելու հանգամանքները՝ սկսեցին քաշքշել քաղաքացիներին։
Շատերն են հիշում Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հայտարարությունները, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, և նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել: Բայց դա 2018-ին էր, այսօր Կառավարության շենքի կողքով, այն պահին, երբ Փաշինյանի ավտոշարասյունն է մոտենում, ՀՀ քաղաքացիների ստվերն էլ չպետք է երևա, ուր մնաց թե՝ քայլ անեն: Փաշինյանը սիրում է տարբեր առիթներով թմբկահարել, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, բաստիոն, որտեղ շարքային քաղաքացին իրավունք չունի անցնել Կառավարության շենքի մոտով այն պահին, երբ Փաշինյանն է անցնում: Ստացվում է՝ որտեղից Նիկոլ Փաշինյանն է անցնում, միջադեպերն անպակաս են, նույնիսկ մահվան ելքով։
Նման միջադեպ տեղի էր ունեցել նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանական մեքենան վրաերթի էր ենթարկել երիտասարդ Սոնա Մնացականյանին։
2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին: Նա հղիության 8-րդ ամսում էր։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրենն այն ժամանակ հայտնել էր, որ վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Ի դեպ, դեպքից հետո, ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հետևող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել էին ընթացքը, անգամ կնոջն օգնություն ցուցաբերելու փորձ չէին արել։
Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել Վանաձորում՝ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին, երբ պարեկները դաժան ծեծի էին ենթարկել 3 քաղաքացու, այդ թվում՝ անչափահաս տղայի: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները փորձել էին ճանապարհն ազատել Լոռի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում