Արայիկ Հարությունյանի երազանքը չի կատարվելու, որովհետև նա Փաշինյանի կամակատարն է
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին, և, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հարցին, նշել է. «Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է, որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնացի նման ձևակերպումը հավասարազոր է Ադրբեջանի դրած պահանջների բավարարմանը, որովհետև Ալիևը և այդ երկրի արտգործնախարարությունը մեկ անգամ չէ, որ խոսել են Լաչինի միջանցքում անցակետեր դնելու իրենց պահանջի մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կոչ արեց չնեղանալ որևէ միջազգային երաշխավորից, կամ Կլաարից՝ իր նման ձևակերպումների համար։
Ըստ Հակոբյանի՝ Արցախն ի՞նչ կարող է ուզել աշխարհից այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունն է Արցախը հանձնում Ադրբեջանին։
«Համար մեկ խնդիրը Արցախի և Հայաստանի իշխանությունների հեռացումն է, այլ տարբերակ չկա»,- պնդեց նա։
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի Անվտանգության խորհրդում արված այն առաջարկին, որ եթե կլինեն Արցախում մարդիկ, որոնք կցանկանան Ադրբեջանի վերահսկողության տակ ապրել, կարող են իրենց ցանկությունը բարձրաձայնել, Մետաքսե Հակոբյանն ասաց.
«Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ։ Արայիկ Հարությունյանի երազանքը չի կատարվի. որևէ մեկը չի գնա Ադրբեջանի հետ ինտեգրման։ Նման բան հայտարարելն անթույլատրելի է։ Երբ նման բան է ասում երկրի նախագահը, նշանակում է՝ կամ նրա գիտելիքները բավարար չեն, կա՛մ նպատակ ունի մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, թե մարդիկ կան, որոնք ցանկանում են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իրականում Արցախում նման մարդիկ չկան, ուստի, եթե Արայիկ Հարությունյանը պատվեր է կատարում, ապա դա միանշանակ Հայաստանի իշխանության կողմից է, որովհետև Հարությունյանը քաղաքականապես հեզություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին. օրինակ՝ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում Գերմանիայի կանցլերին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելու համար, բայց որևէ բառ չի ասում դա չանող Փաշինյանին։ Կրկնում եմ՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կամակատարը»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում