Իր պաշտոնին չհամապատասխանող դատախազը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Շուրջ մեկ ամիս առաջ Hayeli.amգրել էր՝  Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն իր մերձավոր Մուշեղ Մուրադյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել տալուց հետո ձեռնամուխ է եղել իր մեկ այլ ընկերոջը՝ Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ Հովհաննես Պողոսյանին մարզի քննչական վարչության պետի տեղակալ դարձնելու գործին:

«Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ նույն Հովհաննես Պողոսյանը ժամանակին ուղղակի «վռնդվել» է Քննչական կոմիտեից. 2013 թ.-ին այն ժամանակվա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Ալբերտ Երիցյանի զեկուցագրի համաձայն՝ ծառայողական քննություն է իրականացվել քննիչ Հովհաննես Պողոսյանի գործունեության վերաբերյալ, և անառարկելի ապացույցների արդյունքում նա հեռացվել է համակարգից, քանի որ իր հերթապահության ժամանակ չի կատարել իր պարտականությունները և հրաժարվել է մեկնել դեպքի վայր»,- մասնավորապես գրել էր Hayeli.am-ը:
Այս տեղեկությունից շուրջ 40 օր անց 168.am-ը դիմեց Քննչական կոմիտե՝ հասկանալու համար՝ ի վերջո, Հովհաննես Պողոսյանը նշանակվե՞ց, թե՞ ոչ մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց՝ այո, Հովհաննես Պողոսյանը վերջերս նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնին։

«Պողոսյանը մինչև դատախազությունում աշխատելը Քննչական կոմիտեում չի աշխատել․ նա եղել է ոստիկանության համակարգում, որտեղից Քննչական կոմիտեի ձևավորման ժամանակ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որից հետո դիմել է, մասնակցել մրցույթին ու նշանակվել դատախազությունում»,- ասաց ՔԿ մամլո խոսնակը՝ ըստ էության չհերքելով նրա՝ աշխատանքից ազատվելը:

Կարդացեք նաև

Նկատենք, որ մինչ Քննչական կոմիտեի ձևավորումը քննչական մարմինները ոստիկանության կազմում էին գործում: Ամեն դեպքում Հովհաննես Պողոսյանի՝ աշխատանքից ազատվելու պաշտոնական պատճառի մասին չի նշվում:

168.am-ի տեղեկություններով՝ բացի Կարեն Սարուխանյանից, այս պաշտոնում նշանակվելու համար Հովհաննես Պողոսյանն օգտվել է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի երբեմնի գործընկերը լինելու հանգամանքից. Նրանք միասին ժամանակին աշխատել են Շիրակի մարզի դատախազությունում:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին՝ դատախազների հերթական ատեստավորման շրջանակներում, ընդունել է որոշում, որի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Լևոնի Պողոսյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին միջնորդելով նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին:

Դրանից հետո, չհամաձայնելով ավելի ցածր պաշտոնի անցնելու առաջարկին, Հովհաննես Պողոսյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել էր Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Հիմա արդեն Հովհաննես Պողոսյանը ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում:

Տեսանյութեր

Լրահոս