
Շիրակի մարզի դատախազի տեղակալը չի հաղթահարել դատախազների ատեստացիան և ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հետաքրքիր իրադարձությունների պակաս իրավական համակարգում չկա: 168.am-ը, օրինակ, տեղեկություն ստացավ, որ վերջերս դատախազների ատեստավորման քննությունը չի հաղթահարել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:
Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Գլխավոր դատախազություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. Արդյո՞ք Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը չի հաղթահարել դատախազության ներքին որակավորման քննությունները (ատեստացիա):
2. 168.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանին սպասվում է պաշտոնի իջեցում: Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, և եթե ճիշտ է, ո՞ր պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Հովհաննես Պողոսյանը:
Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը. Հովհաննես Պողոսյանը չի հաղթահարել դատախազների ատեստացիան:
«ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին՝ դատախազների հերթական ատեստավորման շրջանակներում, ընդունել է որոշում, որի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Լևոնի Պողոսյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին միջնորդելով նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին»,- նշված է Գլխավոր դատախազությունից ստացած պատասխանի մեջ:
Ի պատասխան մեր հարցման՝ Դատախազությունից միաժամանակ հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազի 2022 թ. նոյեմբերի 1-ի թիվ 405-Ա հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովհաննես Լևոնի Պողոսյանն՝ իր դիմումի համաձայն, ազատվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: