«ՊԵԿ նախագահը թուրքամետ գործողություններ է անում, պահանջում ենք, որ աթոռը լքի». ակցիայի մասնակից

«Փետրվարի 16-ից մեզ դուրս են հանել շենքից, ամեն անգամ եկել ենք ՊԵԿ, պատասխանել են՝ ուրբաթ գրավոր կպատասխանենք, բայց մինչև էսօր չեն պատասխանել»,- այսօր Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի տղամարդ:

Նրա փոխանցմամբ՝ մինչ այս պահը պահանջել են, որպեսզի իրենց հարցին լուծում տան, քանի որ 600 մարդ հայտնվել է փողոցում, բայց, քանի որ այսօր ևս իրենց որևէ պատասխան չտվեցին, ուստի իրենց պահանջին ևս մեկն ավելացավ՝ ՊԵԿ նախագահի հրաժարականը.

«Մենք մինչ այս պահն իրեն «պարոնով» ենք դիմել, «Բադասյան ջան»-ով, նորմալ, քաղաքավարի ենք մոտեցել այս ամեն ինչին, բայց, եթե ինքը պետք է մեզ արհամարհի, մեր հարցին ոչ մի լուծում չտա, մենք իրեն հիմա դիմում ենք՝ «ոչ մի բան», ինքը հիմա ոչ մի բան է, թուրքամետ գործողություններ է անում:

Պահանջում ենք՝ իր աթոռը լքի, մի հայ մարդ գա, հայամետ գործողություններ անի: Մենք այս պահից պահանջում ենք իր հրաժարականը՝ «ոչ մի բան»-ի հրաժարականը, որովհետև ինքն արդեն ոչ մի բան է: Իր հրաժարականով կիմանանք, որ գոնե մի հատ թուրքամետ աթոռը լքեց, մի հատ հայ մարդ կգա, որը ժողովրդի հարցերին լուծում կտա»:

Կարդացեք նաև

«Պարոն Բադասյա՛ն, գնալո՛ւ ես: Հրաժարակա՜ն»,- վանկարկեցին ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:

Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող  մարդկանց դուրս հանել։

Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս