«Արցախի ինքնորոշման ճանաչման իրավական, քաղաքական հիմքերն ավելի քան բավարար են». Արցախի արտգործնախարար
«Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել ու շարունակում է արդիական մնալ Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հիմքերը՝ իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են: Արցախի ժողովրդի ինքնորոշման և Հանրապետության անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում են թե միջազգային իրավունքի, թե ԽՍՀՄ-ի ժամանակ գործող իրավական նորմերին:
32 տարի առաջ Հանրապետության անկախության հռչակումը միակ միջոցն էր ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին էլ հանրաքվեով իրացրել է ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը:
Հետագայում Ադրբեջանը փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման իրավունքը՝ 3 անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման, այդպիսով խախտելով միաջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները:
Իսկ հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն»:
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային սկզբունքով լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից:
«Արցախի և նրա 120.000 բնակչության ավելի քան 70 օր շարունակվող այսօրվա շրջափակումն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական օրինակն է: Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, ինչպես փետրվարի 22-ին, այնպես էլ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի որոշումների մեջ, որոնք արձանագրեցին հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը:
Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը բնորոշել՝ որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում:
Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և սիստեմատիկ խախտումները…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում