Խնամատար դառնալու դեպքում ընտանիքները գումար կստանան
Նրանք, ովքեր ցանկանում են ժամանակավոր իրենց խնամքին վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի, ապա պետությունը դա կհամարի աշխատանք՝ դրա դիմաց տրամադրելով վարձատրություն և այդ ժամանակահատվածը հաշվարկելով՝ որպես աշխատանքային ստաժ։ Ամսական վարձատրությունը կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև կտրամադրվեն այլ միջոցներ՝ նախատեսված երեխայի խնամքի և դաստիարակության համար։ Իսկ, եթե ցանկություն կա խնամելու հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող երեխաների, ապա յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց կտրամադրվի ամսական վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով: Տեղեկությունը տարածել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
168.am-ը նախարարությունից փորձեց պարզել, թե ի՞նչ ասել է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխա. մանկատա՞ն, թե՞ առողջական խնդիր ունեցող երեխաների մասին է խոսքը, մարդի՞կ են ընտրում՝ որ երեխային խնամեն, թե՞ պետությունն է ընտրում: Մեր հարցերին ի պատասխան՝ նախարարությունից պարզաբանեցին, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները խնամքի հաստատություններում ապրող երեխաներն են, այս դեպքում խնամատարության ենթակա են հիմնականում շուրջօրյա խնամք ստացող երեխաները, ովքեր նախարարության ենթակայության ներքո գործող ՊՈԱԿ-ներում են խնամք ու դաստիարակություն ստանում:
«Խնամատարության ենթակա են և՛ առողջական խնդիրներ ունեցող, և՛ չունեցող երեխաները: Խնամատարության տարբեր տեսակներ կան. ընդհանուր, մասնագիտացված, ճգնաժամային, արձակուրդային: Ճգնաժամային խնամատարությունը նշանակվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում՝ ևս մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: Ճգնաժամային խնամատար ընտանիքը կարող է ընտրվել՝ երեխայի ծնողների կամ միակ ծնողի ծանր հիվանդության դեպքում, երեխայի ծնողների կամ միակ ծնողի կալանավորման կամ ազատազրկման դատապարտվելու դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում չի կայացվել, և երեխային պետք է անհապաղ հեռացնել նրա ծնողից (ծնողներից), եթե վերջինս իր գործողությամբ կամ անգործությամբ, երեխայի կյանքի կամ առողջության համար իրական լուրջ վտանգ է սպառնում, երբ ծնողներն առանձին են ապրում, և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ:
Արձակուրդային խնամատար ընտանիքները նախատեսված են անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր, այդ թվում՝ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերի համար: Արձակուրդային խնամատարությունը նախատեսվում է ծնողին (ծնողներին) կամ խնամակալներին աջակցելու՝ դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու նպատակով կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (ծնողներին) կամ խնամակալներին աջակցելու նպատակով:
Մասնագիտացված խնամատար ընտանիքը նախատեսվում է այն դեպքերում, երբ գործ ունենք հաշմանդամություն, ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով, խորը սթրես ապրած (տրավմայի ենթարկված) երեխաների, ինչպես նաև անչափահաս մայրերի և նրանց երեխաների խնամատարության հետ: Դա խնամատարության հատուկ տեսակ է: Եթե վերը թվարկված խնամատարության տեսակները կիրառելի չեն, ապա ընտրվում է ընդհանուր խնամատարությունը»,- մանրամասնեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի խնամատարը՝ երեխա ունեցո՞ղ, թե՞ չունեցող, նախարարությունից հայտնեցին, որ կենսաբանական երեխա ունենալու փաստը պարտադիր պայման չէ: Ընտանիքը կարող է նաև երեխա ունենալ և վերցնել հոգեզավակ:
Նշենք, որ խնամատարության ինստիտուտը գոյություն ունի ավելի քան 15 տարի, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ ավելի շատ շահառուներ կան վերջին 3 տարվա ընթացքում: Խնամատար ծնող դառնալու համար կարող են դիմել Հայաստանում մշտապես բնակվող, չափահաս այն քաղաքացիները, ում տարիքը չի գերազանցի 55 տարեկանը: Հաշվառման համար պետք է դիմել բնակության վայրի մարզպետարան, իսկ Երևանի դեպքում՝ քաղաքապետարան: