Մոսկվան և Վաշինգտոնը դեմ չեն, որ Բաքուն ու Երևանը խաղաղություն կնքեն․ Մարկեդոնով
Մյունխենում անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ։ Այս ֆորումը ավանդաբար համընդհանուր ուշադրության է արժանանում: Այն ընկալում են որպես համաշխարհային քաղաքականության հեռանկարներին վերաբերող գաղափարների մի տեսակ վերանայում։ Եվ շատ խորհրդանշական է, որ Մյունխենում արեւմտյան առաջնորդները «ռուսական ռեւիզիոնիզմին» հակազդելու ծրագրեր են կառուցում, որի հիմնական գծերը ժամանակին նշագծել է Վլադիմիր Պուտինը հենց Բավարիայի մայրաքաղաքում։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Այս համատեքստում Էնթոնի Բլինքենի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները շատ մեկնաբանների կողմից ընկալվեցին որպես հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում իրենց գերակայությունը հաստատելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների յուրօրինակ հայտ։ Այս եզրակացության օգտին կան բազմաթիվ ապացույցներ։ Ռուսաստանը չի մասնակցում Մյունխենի համաժողովին (երկրորդ տարին անընդմեջ)։ Կովկասի համար նրա եւ Արեւմուտքի (ԱՄՆ եւ ԵՄ) միջեւ մրցակցությունը 2022 թվականից հետո կտրուկ սրվել է։ Ինքը՝ Բլինքենը, չի զլացել խոստումնալից հայտարարություններ անել։ Այսպես, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, «Ադրբեջանն ու Հայաստանը կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն ունեն ավելի քան երեսուն տարվա հակամարտությունից հետո»։ Նա նաեւ խոստացել է Վաշինգտոնի լիակատար աջակցությունը՝ այս ճանապարհին Բաքվի եւ Երեւանի գործողություններին։
Բայց արժե՞ արդյոք խնդիրը ներկայացնել միայն «սառը պատերազմ-2» ձեւաչափով: ԱՄՆ-ը վերջին մի քանի տարիներին սկսել է ավելի ակտիվ մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին, սա փաստ է։ Բայց նրանց համար, ովքեր ուշադիր հետեւում են Եվրասիայում ԱՄՆ քաղաքականությանը, սա բացահայտում չէ։ Նույնիսկ 2001 թվականի ապրիլին, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի լավ են եղել, քան հիմա, ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է սկսել Քի Ուեսթում, Ֆլորիդայում: Վաշինգտոնի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը կարեւոր ոլորտ է ինչպես «Եվրասիայի էներգետիկ անվտանգության» համատեքստում, այնպես էլ «Մեծ Մերձավոր Արեւելքի» կոնֆիգուրացիան կառուցելու համար (հիշենք ադրբեջանական տարանցիկ երթուղու մասին ամերիկյան բեռների համար դեպի Աֆղանստան): Մյուս կողմից, Հայաստանը եղել եւ մնում է կարեւոր երկիր «արժեքների քաղաքականության» համատեքստում, ինչպես նաեւ՝ ճնշման հնարավոր գործիք՝ կամակոր Թուրքիայի վրա։
Այսպիսով, Կովկասն ու Եվրասիան ընդհանուր առմամբ հետաքրքրում են ԱՄՆ-ին նույնիսկ Ռուսաստանի սահմաններից դուրս։ Միեւնույն ժամանակ, եւ՛ Մոսկվան, եւ՛ Վաշինգտոնը դեմ չեն, որ Բաքուն եւ Երեւանը խաղաղություն կնքեն միմյանց միջեւ։ Հարցերը միայն տեմպի, քայլերի հաջորդականության մեջ են, եւ այն բանում, թե ով կարող էր առաջատար մեդիատորի դեր խաղալ։ Նահանգները կնախընտրեին (գոնե) այսօր այնպիսի խաղաղություն Կովկասում, որտեղ Ռուսաստանի կարեւորությունը որոշիչ չէր լինի։ Ամեն դեպքում, չպետք է մոռանալ հակամարտության բուն պատճառների մասին։ Մենք տեսնում ենք, որ մինչ այժմ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԱՄՆ-ի բոլոր ջանքերը խափանվել են փոխշահավետ փոխզիջումներ գտնելու Բաքվի եւ Երեւանի ցանկության բացակայության պատճառով»,- գրել է փորձագետը։
Հրապարակման պատրաստեց news.am-ը