Թեհրանը փաստերի խեղաթյուրում է անվանել այն հաղորդումները, թե Իրանը հասել է ուրանի 84 % հարստացման

Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե Իսլամական Հանրապետությունն, իբր, հասել է ուրանի 84 % հարստացման: Նման հայտարարություն է արել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության հրապարակումը։

«Հրապարակված լուրերը հերյուրանք են և փաստերի խեղաթյուրում, – հայտարարել Է նա ISNA գործակալությանը տված հարցազրույցում: – Հարստացման բարձր մակարդակով մասնիկների առկայությունը բնական երևույթ է հարստացման գործընթացներից յուրաքանչյուրում: Օրինակ՝ մինչև 20 % ուրանի հարստացման գործընթացում նկատվում Է (ուրանի մասնիկների առկայություն հարստացման մինչև) 47% աստիճանով, իսկ 60% մակարդակում ուրան ստանալու գործընթացում նույնպես նկատվում է ավելի բարձր հարստացմամբ ուրան»:

Նրա խոսքով` «Իրանն առայժմ չի փորձել հարստացնել (ուրանը) 60 %-ից ավելի»։

Փետրվարի 19-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն անցած շաբաթ ստուգման արդյունքներով պարզել են, որ Իրանն ստացել է մինչև 84% հարստացված ուրան. միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է ուրանի՝ մինչև 90 % հարստացում: Ինչպես ավելի վաղ հայտնել է «Արմենպրես»-ը, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ տեղյակ է այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում է փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս