Զինծառայողը մահացել է գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: