«Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը՝ ոչ. երեխուս պետք է արտաշիրմում անեմ». Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինվորի պապ
Մեկ ամիս առաջ Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Այսօր նրանց հարազատները վաղ առավոտյան գնացել էին պաշտպանության նախարարություն, պահանջում էին տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ ընթացքում է իրենց որդիների մահվան գործով քննությունը:
Զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում ասաց՝ մտավախություն ունի, որ գործը կկոծկեն:
«Ես ասել եմ, որ հանկարծ իմ երեխու գերեզմանը չբետոնապատեն, որովհետև ես պետք է արտաշիրիմում անեմ, սրանց վրա հույս դնել չկա: Պահանջում ենք արձագանք տան քննությունների վերաբերյալ, որովհետև 1 ամիս է անցել, բայց ոչ մի տեղեկություն, ոչ մի հանդիպում, ինչ ասել են՝ չեն կատարում: Մենք շատ վարկածներ ունենք»:
Զոհված զինծառայողի պապը չի հավատում իրավապահ մարմինների հայտարարություններին, քանի որ սկզբում այլ բան հայտարարվեց, հետո՝ այլ բան:
«Կա՞ արդյոք հետազոտություն, կա՞ արդյոք տեսանկարահանված մի պահ, թե ոնց են իրենք երեխաներին դուրս հանել: Իրենք պետք է պատասխանեն՝ ինչի՞ համար են երեխեքը մահացել, որովհետև մենք ծնողներով գնացել ենք Ազատ գյուղի իրենց կացարանը, նայել ենք, այնտեղից գտել ենք մի քանի տեսակի իրեր, որոնք իրենք չեն հանել, իսկ ամեն մի իրը կարող է մի բան նշանակել և բացահայտում լիներ»:
Զոհված զինծառայողի պապը մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրեց.
«Կացարանի պոլը չէր վառվել: Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: