Ինչո՞ւ Կենտրոնական բանկը չի շտապում իջեցնել փողի գինը

Կենտրոնական բանկը շարունակում է աննախադեպ բարձր պահել բանկից դուրս եկող փողի գինը, որքան էլ դրա հետևանքով տուժում է տնտեսությունը, կորուստներ է ունենում հատկապես տնտեսության արտահանելի հատվածը։

Փողի գինը բարձր պահելով՝ ԿԲ-ն փորձում է կարգավորել գնաճային դրսևորումները։

Այս փուլում Կենտրոնական բանկը նախապատվությունը տալիս է գնաճին։ Ու չնայած արձանագրում է, որ գնաճային դրսևորումները թուլացել են, չի շտապում նվազեցնել փողի գինը։ Թեև տրամաբանորեն այդպես պիտի աներ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այսօր Հայաստանում գտնվում է չափազանց բարձր դիրքում։

Կարդացեք նաև

Անցած տարվա վերջից այն 10,75 տոկոս է, ինչը վերջին տարիների ընթացքում ձևավորված փողի ամենաբարձր գինն է։

Դրան ԿԲ-ն հասել է մի քանի փուլերով։ Գնաճային բարձր ճնշման ազդեցությունները թուլացնելու ակնկալիքով միայն անցած տարի վեց անգամ վերանայվեց տոկոսադրույքը և բացառապես՝ բարձրացման ուղղությամբ։

Այդ վերանայումների արդյունքում փողը թանկացավ ուղիղ 3 տոկոսային կետով։

Մինչ այդ էլ հասցրել էր բավականաչափ թանկանալ նաև նախորդ տարվա ընթացքում։

Արդյունքում՝ 2 տարվա ընթացքում փողի գինը Հայաստանում գրեթե կրկնապատկվել է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5-ից բարձրացել է մինչև 10,75 տոկոսի։

Այսօր էլ շարունակում է այդպիսին լինել։ Արձանագրելով, որ գնաճային միջավայրն ու գնաճի ազդեցությունները մեղմացել են, այնուհանդերձ տարեսկզբին ԿԲ-ն հրաժարվեց վերանայել և նվազեցնել հիմնական տոկոսադրույքը։ Այն, ինչպես կար, այնպես էլ մնաց 10,75-ի վրա։

Սա նշանակում է, որ գնաճի առաջիկա միտումների հետ կապված՝ Կենտրոնական բանկը դեռևս մտահոգություններ ունի։ Ու չնայած տարեսկզբին ճնշման մեղմացում է նկատում, դա դեռ բավարար չի համարում մտածելու դրամավարկային քաղաքականության պայմանները թուլացնելու մասին։

Գնաճի մեղմացման Կենտրոնական բանկի ակնկալիքները կապված են հիմնականում արտաքին միջավայրի հետ։

«2022 թվականի վերջին համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է:

Համաշխարհային գնաճը ևս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ: Այնուամենայնիվ, հարաբերականորեն ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում դեռևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում»,- կարծում են Կենտրոնական բանկում՝ համարելով, որ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում Հայաստանում ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է:

Գուցե դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա դա մեծապես պայմանավորված կլինի նախորդ երկու տարիներին ձևավորված գնաճի բարձր բազայով։

Հիշեցնենք, որ 2021թ. տարեկան գնաճը Հայաստանում կազմեց՝ 7,2, իսկ 2022թ.՝ 8,6 տոկոս։

Երկու դեպքում էլ շեղումը նախատեսված թիրախային ցուցանիշից բավական բարձր էր։ Թիրախային ցուցանիշի վերին սահմանը 5,5 տոկոսն է։ Այնինչ՝ մի դեպքում ունենք՝ 7,2, մյուս դեպքում՝ 8,6 տոկոս գնաճ։

Երկու տարի անընդմեջ Կենտրոնական բանկին չի հաջողվում ապահովել իր 2 հիմնական ֆունկցիաներից մեկը՝ գնաճի կայունությունը։

Ի՞նչ կլինի այս տարի, առայժմ վաղ է ասել։ Ամեն դեպքում, տարեսկզբին գնաճը դեռևս շարունակում է գտնվել բավական բարձր դիրքում։

Պաշտոնական վիճակագրությունը հունվարին, 12-ամսյա կտրվածքով, արձանագրել է սպառողական գների 8,1 տոկոս աճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն ավելի բարձր է՝ 9,4 տոկոս։ Ալկոհոլային խմիչքների պարագայում գնաճը հասնում է 9,8 տոկոսի։

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է տնային գործածության առարկաների և կենցաղային տեխնիկայի շուկայում, որտեղ գնաճն անցնում է 13 տոկոսից։

Այն բավական բարձր է նաև հանգստի և մշակույթի ոլորտներում՝ գրեթե 12 տոկոս։ Ծառայություններում հասնում է 12,5 տոկոսի։

Արտաքուստ սննդամթերքի շուկայում ունենք գնաճային ճնշման մեղմացում։ Չկա նախկին երկնիշ գնաճը։ Բայց դրանով հանդերձ, բազմաթիվ առաջնային ապրանքներ շարունակում են գտնվել բարձր գնային սանդղակի վրա։

Մասնավորապես՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գնաճը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ՝ կազմել է 12,6 տոկոս։ Ամենաշատը թանկացել է հատկապես մակարոնեղենը՝ գրեթե 22 տոկոսով։

Մսի գինն այդ ընթացքում բարձրացել է 12 տոկոսով։ Թանկացումը կտրուկ է արտահայտվել հատկապես տավարի մսի պարագայում, որտեղ գնաճը մեկ տարում հասել է 25 տոկոսի։

Կտրուկ գնաճ կա նաև կաթնամթերքի շուկայում. կաթը թանկացել է 9,5 տոկոսով, մածունը՝ 18,2 տոկոսով, խտացրած կաթը՝ ավելի քան 30 տոկոսով։

Շարունակում է բարձր մնալ կարտոֆիլի գինը։ Այս տարվա հունվարին այն գրեթե 15 տոկոսով թանկ է եղել։ Բարձր գնաճը պահպանվում է մրգերի շուկայում։ Խնձորի գնաճն անցնում է 43 տոկոսից, տանձինը՝ 25 տոկոսից։ Նարինջը նախորդ տարվանից թանկ է՝ 21, իսկ մանդարինը՝ 15 տոկոսով։

Սննդամթերքի բազմաթիվ այլ տեսակների գներն այս տարվա հանվարին ավելի բարձր են եղել, քան անցած տարի։ Այդ շուկաներում կրկին գնաճ է արտահայտվել, այն էլ՝ վերջին երկու տարվա բարձր գնաճային դրսևորումներից հետո։ Դրա արդյունքում գուցե գնաճի տեմպը որոշ չափով թուլացել է, բայց գները շարունակում են ոչ միայն բարձր մնալ, այլև էլի բարձրանալու են։ Ու եթե նույնիսկ իրականանան Կենտրոնական բանկի ակնկալիքները՝ գնաճի թուլացման վերաբերյալ, միևնույն է, գները դրանից չեն նվազելու, պարզապես քիչ կբարձրանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս