Բաժիններ՝

Մնում է՝ ապահովագրական ընկերությունները ճիշտ ընկալեն «մրցակցային» բառը․ Վարորդները՝ ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացնելու մասին

«2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմիններն ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,- Կառավարության փետրվարի 16-ի նիստի ընթացքում հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Վարորդներին, սակայն, այս լուրն այնքան էլ չի ոգևորել։ Շատերը կարծում են՝ ԱՊՊԱ-ի գները ոչ թե կնվազեն, այլ կբարձրանան։

«Եթե ճիշտ հասկացա, ապա արդեն կարող է մի ընկերություն ավելի ցածր գին առաջարկել, ու կապ չունի, որ ԱՊՊԱ բյուրոն ֆիքսված գին է սահմանել: Ցավոք, ցածր դժվար լինի, որովհետև ապահովագրական բոլոր ընկերությունները պայմանավորվելու են ու գները բարձրացնեն։ Հօգուտ քաղաքացու, չեմ կարծում, որ լավ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

«Մնում է՝ ապահովագրական ընկերությունները ճիշտ ընկալեն «մրցակցային» բառը։ Կարծում եմ՝ սպասարկման որակը ևս կբարձրանա»,- հավելեց մեկ այլ վարորդ։

Կարդացեք նաև

Մի վարորդ էլ նշեց, թե իր կարծիքը ներկայացրեց, թե ինչպես են աշխատելու ապահովագրական ընկերությունները․«Օրինակ, եթե որևէ մեկը ցանկանում է, որ ապահովագրած գումարի ծածկույթը մեծ լինի, դրա համար որոշակի գումար պետք է վճարի և, օրինակ, ԱՊՊԱ պատահարի դեպքում կստանա 2 միլիոն դրամ կամ ավելի շատ։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ լավ բան է սպասվում, առավել ևս, որ վերահսկող մարմին չկա»,- նշեց նա։

Ավելի վաղ գրել էինք, որ ԱՊՊԱ բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, ի թիվս այլոց, նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչև այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այդպիսի մոտեցումն էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին՝ խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։

Տեսանյութեր

Լրահոս