Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդում կարևորում են մարտական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց խնդիրների լուծումը Հայաստանում

Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի՝ 2019-2023 թթ համագործակցության արդյունքում ձեռքբերումներ են գրանցվել տարբեր ոլորտներում, գործողությունների նոր ծրագրով բարեփոխումների համար նախանշվել են ինչպես նոր ոլորտներ, այնպես էլ շարունակվելու են նախորդ ծրագրի շրջանակում սկսած բարեփոխումները, կարևորվում է նաև մարտական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց խնդիրների լուծումը:

Այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը Երևանում Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողությանը:

«Հայաստանը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ հատկապես 2018-ին քաղաքական ղեկավարության փոփոխությունից ի վեր կարևոր առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: 2019-2022 թթ գործողությունների ծրագիրը նույնպես նպաստել է այդ զարգացումներին: Եվ այդ փաստը արձանագրել են նաև մեր արտաքին գնահատողները, որոնք ընդգծել են, որ գործողությունների ծրագիրը հստակ ճանապարհային քարտեզի դեր է կատարել բարդ ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը կամք է ցուցաբերել՝ շարունակելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ»,-ասաց Նոյկիրխը:

Եվրոպայի խորհուրդը կենսաբժշկության բնագավառում աջակցություն է ցուցաբերել ՀՀ իշխանություններին՝ կատարելու մարդու իրավունքների այն չափանիշները, որոնք Օվիեդոյի կոնվենցիայով են ամրագրված: Դրա արդյունքում օրենսդրական կարևոր փոփոխություններ են արվել:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ նախորդ տարիներին նախարարության և ԵԽ-ի հետ համագործակցության բավականին լավ փորձ են ունեցել: «2020 թվականին կորոնավիրուսի շրջանակում այդ համագործակցությունն ավելի ընդգծվեց և կարևորվեց, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հանրային շահի բալանսավորումն էր մեր գլխավոր նպատակը: Մեզ համար շատ կարևոր էր մեր գործընկերների հետ միասին մեր իրավական ակտերի փորձաքննությունը, դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, Օվիեդոյի կոնվենցիային»,-ասաց նախարարը:

Միասին իրականացված ծրագրերից է բուժաշխատողների էթիկական նորմերի սահմանումը: Ոչ միայն մշակվել են կանոնները, այլ նաև ստեղծվել է հարթակ, որտեղ բուժաշխատողները կարող են սովորել, քննարկել ու դրանք դարձնել իրենց առօրյա գործունեության կարևոր հատվածը:

Գործողությունների նախորդ ծրագրով նախատեսված և նոր ծրագրով շարունակվող բարեփոխումների հաջորդ ոլորտը պրոբացիայի ոլորտն է, պատժողականից աստիճանական անցումը վերականգնողական մոտեցման և բանտարկումը՝ որպես հնարավոր միջոցների մեջ վերջինը: 2022-ի նոյեմբերի պրոբացիայի շահառուների համար մասնագիտական կենտրոն է բացվել:

Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենը կարևորեց, որ գործողությունների նոր ծրագիրը մշակել են երկրի իշխանությունների հետ միասին՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ: «Այն իսկապես համատեղ կատարված աշխատանքի արգասիք է: Ուրախ ենք, որ մենք կարողանալու ենք շարունակել այս աշխատանքը և միասին ժոովրդավարական բարեփոխումները զարգացնել՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին ու չափանիշներին համահունչ»,-ասաց նա:

Նոյկիրխը հույս հայտնեց, որ նոր ոլորտներում ևս կսկսեն աշխատել: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնահերթ է նաև նոր ծրագիր ունենալ՝ օգնելու մարտական գործողությունների բռնկումից հետո տեղահանված անձանց, գործողությունների ծրագրի ներքո կցանկանան նաև աշխատել լրատվամիջոցներում արտահայտվելու ազատության հարցի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս