«Արցախում մեր հայրենակիցներն են շրջափակման մեջ, պետք է միավորվենք ու հասկանանք՝ այս ամենի տակից ինչպես ենք կարողանում դուրս գալ». Կոռնիձորի գյուղապետ

Արդեն 67-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կեղծ «բնապահպանների» կողմից։ Արցախի շրջափակումը մեծ վնաս է հասցրել՝ ինչպես Արցախին, այնպես էլ՝ Սյունիքին ու առհասարակ ամբողջ Հայաստանին։ Օրինակ, Սյունիքի մարզի Խնածախ գյուղ, որտեղ տների մեծ մասը գազիֆիկացված չէ, վառելափայտի մեծ մասը բերել են Արցախից, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով գյուղում վառելափայտի խնդիր է առաջացել։

168.amհետ զրույցում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ Արցախի ճանապարհի փակման հետևանքով, իհարկե, վնասներ է կրում նաև Սյունիքը, բայց նյութական վնասներն իրենք կվերականգնեն, այդտեղ խնդիրներ չեն տեսնում, կարևորը՝ 120.000 արցախահայեր ապրեն ազատ Արցախում։

Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսի 25-ից Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Ներքին Սուսն  ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանում Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

«Արցախի այս շրջափակումը ոչ միայն մեր գյուղի, մեր բնակիչների մոտ է անհանգստություններ առաջացրել, այլև աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայի։ Վստահեցնում եմ՝ նման անհանգստություն ունի ամեն մի հայ, Արցախում մեր հայրենակիցներն են շրջափակման մեջ։ Բա թշնամին արցախցիների կյանքի   ճանապարհն է փակել, հազարավոր մարդիկ շրջափակման մեջ են»,- շեշտեց Արշակ Կարապետյանը՝ նկատելով, թե միայն այն, որ այսօր ճանապարհը փակ է, ու մարդիկ անհանգիստ են, արդեն իսկ շատ վատ է։

Կարդացեք նաև

«Հիմա, եթե մարդիկ ինչ-որ բան են արտադրում, այս շրջափակումն այնպես է անհանգստացնում, որ նա չի կարողանում լիարժեք աշխատի։ Բայց դե, հույս ունենք, որ լավ է լինելու, այս հույսն է, որ մեզ միշտ ուժ է տալիս։ Ես չգիտեմ, մենք այնքան կորուստներ ենք ունեցել, որ հիմա պետք է այնպես անենք, այնպես աշխատենք, որ այլևս կորուստներ չունենանք։

Կենաց չեմ ասում, բայց կարևորը՝ մեր ժողովուրդը ողջ լինի, ամեն ինչ կարող ենք անել, մի քիչ էլ ավելի կաշխատենք՝ միայն թե մարդկային ու տարածքային կորուստներ չունենանք։ Պետք է միասնական լինենք, միավորվենք ու հասկանանք՝ այս ամենի տակից ինչպես ենք կարողանում դուրս գալ»,- շեշտեց Արշակ Կարապետյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ամեն ընտանիքում էլ վերջին տարիներին դժբախտություններ եղել են, ու մարդիկ ուժեղ են, հաղթահարում ենք այդ ամենը ու առաջ նայում։

«Մեր ամբողջ գյուղում էլ, ես էլ այդպես ենք մտածում, որ պետք է շատ աշխատենք ու առաջ նայենք»,- եզրափակեց Արշակի Կարապետյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մի քանի տասնյակ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս