«Նման իրավիճակներում համաժամանակյա ընտրությունների կազմակերպումը լուրջ խնդիր է ստեղծելու». Անատոլի Թադևոսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության բարեփոխումների գործընթաց։ Փետրվարի 13-ին Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

«Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»,- նշված է հրամանագրում:

Շրջափակման պայմաններում հնարավո՞ր է Արցախում Սահմանադրական բարեփոխումներ կատարել, այդ իրավիճակում գործընթացը կարո՞ղ է որևէ հետևանք ունենալ։

168.am հետ զրույցում Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դոցենտ Անատոլի Թադևոսյանը պատասխանելով վերը նշված և Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին հարցերին, ասաց, որ Սահմանադրական փոփոխություններ հնարավոր է երկու եղանակով։

«Մեր Սահմանադրությունը դասվում է  ճկուն Սահմանադրությունների շարքին, որովհետև կարող է փոփոխվել ինչպես բարդ եղանակով՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով և պարզ եղանակով,  հեշտացված ընթացակարգով, որն իրականացվում է օրենսդիր մարմնի կողմից։ Այսինքն՝ Սահմանադրությունում կան հոդվածներ, նորմեր, որոնք կարող են փոփոխվել միայն ԱԺ-ի կողմից, և կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Կարծում եմ՝ նախատեսված այս փոփոխությունները, որի վերաբերյալ տեղեկատվություն են տարածել նաև լրատվամիջոցները, վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման մեխանիզմին։ Իրավական տեսանկյունից եթե դիտարկում ենք, ապա այս հարցը  շատ խորքային է։

Մենք երկու Սահմանադրություն ունենք՝ մեկն ընդունվել է 2006 թվականին, մյուսը՝ 2017 թվականի փետրվարի 20-ի: Երկրորդ Սահմանադրությամբ ընտրված է կառավարման նախագահական ձևը, բայց այն իր մեջ պարունակում է  նաև խորհրդարանական կառավարման տարրեր։ Օրենսդիր և գործադիր իշխանությունների փոխհարաբերությունների հավասարակշռման ու փոխզսպման այնպիսի մեխանիզմ է ներդրված, որը չեմ հանդիպել որևէ երկրի Սահմանադրության մեջ, այսինքն՝ համաժամանակյա ընտրությունների միջոցով լինի ընտրությունների կազմակերպում։ Այն ժամանակ իրավիճակից ելնելով է կազմվել ու քննարկվել  Սահմանադրության այս նախագիծը, քանի որ փոքր հանրապետություն է Արցախը, և ընտրությունների կազմակերպումը մեծ ծավալի աշխատանքներ է պահանջում, համաժամանակյա ընտրության իմաստը այն է եղել, որ օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև լինի հավասակշռություն։ Օրինակ, եթե Հանրապետության նախագահը գնում է  այն սցեներով, որ ԱԺ-ի հետ ունի կոնֆլիկտ և ցանկանում է արձակել այն, ապա տվյալ պարագայում պետք է հաշվարկի, որ Հանրապետության նախագահի լիազորությունները ևս դադարելու են, նույնը նաև ԱԺ-ի պարագայում է»,- պարզաբանեց Անատոլի Թադևոսյանը։

Ապա մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Սահմանադրությունն ընդունվել է խաղաղ պայմաններում, թեպետ Արցախը միշտ էլ ռազմական դրության պայմաններում է եղել՝ սկսած Արցախի շարժումից: Սակայն, իհարկե,  այն ժամանակ այսօրվա հետպատերազմյան  իրավիճակը չէր։ Այսինքն՝ իրավական տեսանկյունից ստեղծված մեխանիզմն իրեն արդարացնում էր, և որպեսզի քաղաքական կոնֆլիկտներից զերծ լիներ իշխանական ապարատը, պետք է միևնույն քաղաքական ուժը մեծամասնություն լիներ  և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում։ Եթե օրենսդիր իշխանությունում լինի մեկ քաղաքական ուժ, իսկ մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինի Հանրապետության նախագահ, բնականաբար, կառաջանա քաղաքական կոնֆլիկտ։

«Հիմա հետպատերազմյան իրավիճակում քաղաքական կոնֆլիկտների առաջացման հավանականությունը բարձր է, և այդ բարձր հավանականության ֆոնին, հատկապես, երբ առաջացել են լուրջ անվտանգային խնդիրներ, կարող է Հանրապետության նախագահի պաշտոնանկության կամ ԱԺ-ի արձակման խնդիրներ առաջացնել։ Պետք է միաժամանակ կազմակերպեն համաժամանակյա ընտրություններ, իսկ նման դեպքում առաջանալու է անիշխանության վիճակ։ Այսինքն՝ փաստացի ստացվելու է, որ այդ ժամանակ, եթե երկրի նախագահը պաշտոնանկ է արվել, կամ նշանակվել է պաշտոնակատար, ապա սա կարող է առաջացնել քաղաքական քաոս, որից կարող են օգտվել թշնամիները։ Այդ պատճառով էլ որոշվել է ներկայիս պայմաններում՝ հետպատերազմյան իրավիճակից ելնելով, ինչն ամրագրված է Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգում,  քաղաքական կոնֆլիկտներից զերծ մնալու համար ընդունել այս իրավական փաստաթուղթը։ Այն պետք է ունենա իշխանությունների ձևավորման, կազմակերպման ու գործունեության այնպիսի մեխանիզմներ, որպեսզի քաղաքական կոնֆլիկտները հնարավորինս նվազեն։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ տեղի է ունենում Սահմանադրության փոփոխություններ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հնարավոր է իրավիճակ, երբ երկրում առաջանա համաժողովրդական ընտրություններ անցկացնելու անհնարինություն, քանի որ կան անվտանգության խնդիրներ, և հակառակորդն առիթն  օգտագործելով՝ սրի իրավիճակը։

Ի դեպ, 2025 թվականին լրանում է Արցախի նախագահի և ԱԺ-ի լիազորությունների ժամկետը, պետք է անցկացվեն հերթական ընտրություններ, այսօր որևէ մեկը չի կարող գուշակել, թե այդ ժամանակ ինչ իրավիճակ կարող է լինել Արցախում։ Բացի այդ, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղը կարող է ԱԺ-ն արձակելու հարց չբարձրանա, և նման իրավիճակներ բոլոր երկրներում էլ հնարավոր են։ Եթե նման բան լինի, ապա պետք է տեղի ունենան համաժամանակյա ընտրություններ։

«Եթե լինի նշածս իրավիճակը, պետք է անցկացնենք համաժամանակյա ընտրություն, այսինքն՝ մեզ մոտ ստացվելու է այն իրավիճակը, որ չենք ունենալու ո՛չ օրենսդիր մարմին, ո՛չ էլ գործադիր, լինելու է նախագահի պաշտոնակատար։ Իսկ պաշտոնակատարը նույն քաղաքական կշիռը չունի, որ կարողանա երկիրն այս դժվարին պայմաններում կառավարել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Նա դժվարացավ ասել՝ Արցախի անվտանգային համակարգն այս պահին թույլ է տալիս նման փոփոխություններ իրականացնել, քանի որ անվտանգության մասնագետ չի և չի տիրապետում, սակայն ամեն ինչ պայմանավորված է ոչ թե Արցախի շրջափակման հետ, այլ հետպատերազմյան իրավիճակի։

«Եթե ապահովված լինի անվտանգությունը, կարծում եմ՝ հնարավոր կլինի կազմակերպել, եթե թշնամու կողմից խնդիրներ ստեղծվեն՝ իհարկե չեն կարող կազմակերպել։

Զուտ համաժամանակյա ընտրությունների կազմակերպման խնդիր կա, ինչն արտացոլված էր նաև Սահմանադրության փոփոխությունների այն նախագծում, որը նախորդ տարի հետ էր կանչվել։ Կարծում եմ՝ նման իրավիճակներում համաժամանակյա ընտրությունների կազմակերպումը լուրջ խնդիր է ստեղծելու՝ թե ներքին կոնֆլիկտների, թե արտաքին մարտահրավերների առումով։ Ինքս այսպես եմ մտածում»,- եզրափակեց Անատոլի Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մի քանի տասնյակ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս