Եվրոպայի երկրները 2021 թ.-ից մոտ 800 մլրդ եվրո են ծախսել էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար
Եվրոպայի երկրները էներգետիկ ճգնաժամի ֆոնին 2021 թ.-ից ի վեր 792 միլիարդ եվրո են հատկացրել տնային տնտեսություններին և տեղական ընկերություններին աջակցության համար։
Ինստիտուտի տվյալներով՝ 2021 թ. սեպտեմբերից, երբ վառելիքի գները սկսեցին աճել, Եվրամիության երկրները 681 միլիարդ եվրո սուբսիդիա են տրամադրել տնային տնտեսություններին և ընկերություններին՝ էլեկտրաէներգիայի ծախսերի վճարման համար։ Գերմանիան, մասնավորապես, այդ նպատակների համար հատկացրել է ամենամեծ գումարը՝ 268 մլրդ եվրո:
Գերմանիայից հետո ամենաբարձր հորիզոնականներում են Բրիտանիան, Իտալիան և Ֆրանսիան, որոնցից յուրաքանչյուրը ծախսել է 150 մլրդ եվրոյից պակաս: Իսկ Նորվեգիան, օրինակ, էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար հատկացրել է 8,1 մլրդ եվրո։ Մեկ մարդուն բաժին ընկնող ցուցանիշներով ամենամեծ հատկացումներն արել են Լյուքսեմբուրգը, Դանիան և Գերմանիան:
Ըստ «Բրյուգել» ինստիտուտի՝ կառավարությունները աջակցության մեծ մասը կենտրոնացրել են ոչ նպատակային միջոցների վրա՝ զսպելու սպառողների կողմից էներգիայի համար վճարվող մանրածախ գները, ինչպիսիք են բենզինի ավելացված արժեքի հարկի կրճատումը կամ էներգիայի մանրածախ գնի վերին շեմի սահմանումը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ այս դինամիկան պետք է փոխվի, քանի որ պետությունների մոտ սպառվում են հարկաբյուջետային միջոցները նման լայնածավալ ֆինանսավորումը պահպանելու համար: Ավելի վաղ Էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել էր, որ աշխարհն ապրում է աննախադեպ մասշտաբների էներգետիկ ճգնաժամ, որի էպիկենտրոնում Է հայտնվել Եվրոպան։
Իրավիճակը Եվրամիությունում սաստկացել է 2022 թ. հուլիսի սկզբին, երբ սկսվեցին Ռուսաստանից գազի մատակարարումների առաջին ընդհատումները։
Դրանից հետո Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների լրիվ դադարեցման և գործողության մեջ է դրել ԵՄ պետությունների կողմից գազի սպառումը 15%-ով կամավոր կրճատելու պլանը 2022 թ. օգոստոսի 1-ից մինչև 2023 թ. մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում: