«Հայաստանի համար նախընտրելի ձևաչափը Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է, որն այսօրվա գլոբալ հակամարտության ֆոնին դժվարացել է». Ջոնի Մելիքյան
Փետրվարի 10-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶախարովանԵրևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությանհնարավոր հարթակի առնչությամբ ՌԴ ԱԳՆ դիրքորոշման մասին ասել էր, որ՝ «Կողմ ենք ցանկացած ձևաչափի, որը կարող է ամրապնդել ռեգիոնի անվտանգությունն ու կայունությունը»։
Ըստ նրա, եթե եռակողմ՝ Երևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությունը նպաստի Կովկասում տարաձայնությունների հաղթահարմանը, կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ապա ՌԴ-ն այն կարող է միայն ողջունել։
«Իսկ եթե այս նախաձեռնության ետևում են Վաշինգտոնի ու Բրյուսելի կոնտուրները, որոնք ձգտում են տապալել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունները, ապա դա լիովին այլ պատմություն է»,- նշել էր Զախարովան։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման համար վրացական կողմն ի՞նչ հարթակ կարող է լինել, և արդյո՞ք առանց Վաշինգտոնի ու Բրյուսելի միջամտության՝ Վրաստանը կարող է նման հարթակ լինել։
168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ առ այսօր այն բոլոր նախաձեռնությունները, որոնք առաջ է քաշել Վրաստանը, ինչ-որ չափով ու ձևով աջակցվել են առնվազն Վաշինգտոնի կողմից։
Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց հայ ռազմագերիների առաջին խմբի վերադարձը Հայաստան, շեշտելով, որ բացի նրանից, որ այս հարցում վրացական կողմն ակտիվ ջանքեր էր ցուցաբերել, նաև աշխատել էր ամերիկյան դիվանագիտությունը, ինչը որևէ մեկը չի թաքցնում և ոչ էլ կարող է ինչ-որ մեկը չխոսել դրա մասին։
«Այդ պատճառով էլ այստեղ պետք է հասկանանք, որ ի սկզբանե, երբ կար Մոսկվայի ձևավորված հարթակը, զուգահեռ տարբեր փորձեր էին արվում, և Վրաստանն այն կողմերից մեկն էր, որը փորձեց, և ԱՄՆ-ի միջնորդությամբ ինչ-որ քայլեր արվեցին։ Սակայն դրանից հետո սկսեց ձևավորվել բրյուսելյան հարթակը և նախորդ տարվա փետրվարի 24-ից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց և արդեն իրավիճակը փոխվեց՝ գլոբալ հակամարտության մեջ են գտնվում Ռուսաստանն ու Արևմուտքը, ինչն ուղիղ ազդում է մեր տարածաշրջանի վրա։ Այս համատեքստում այսօր դեռևս Վրաստանը շարունակում է ու փորձում ինչ-որ ձևով ֆիքսել իր մոտեցումը և դառնալ գործընթացի մի մաս»,- նշեց Ջոնի Մելիքյանը։
Փորձագետի խոսքով՝ այս համատեքստում Վրաստանի իշխանությունների համար լուծվում է մի քանի հարց։ Մի կողմից՝ ներքին սպառման համար ճիշտ քայլ է, քանի որ Վրաստանն ի սկզբանե շահագրգռված էր, որպեսզի կոնֆլիկտը չլիներ և տարածաշրջանում խաղաղություն լիներ՝ ունենալով երկու համայնք իր տարածքում, արդեն ինչ-որ ներքին խնդիր կա՝ ազգային անվտանգությանը վերաբերող։
Մյուս կողմից էլ՝ արտաքին աշխարհի հետնրա կապերը, առաջին հերթին՝ Արևմուտքի հետ, ինչ-որ բանով աջակցելը և ցույց տալը, որ իրենք ևս ինչ-որ մի գործընթացում կան։
«Եթե այսօրվա մասով խոսենք, ապա Վրաստանը կարող է դառնալ հարթակ՝ ոչ թե միջնորդ, այլ հարթակ, բայց ի՞նչ իմաստով՝ ոչ թե այն, ինչը մենք տեսնում ենք Մոսկվայի ու Բրյուսելի պարագայում, այլ կոնկրետ՝ որպես վայր, որտեղ ըստ ցանկության՝ Բաքվի և Երևանի ներկայացուցիչները կարող են նստել ու քննարկել սպեցիֆիկ հարցեր։ Որպեսզի Վրաստանը լինի միջնորդ, պիտի ունենա նաև ազդեցության որոշ լծակներ, ինչը կա թե՛ Բրյուսելի պարագայում, թե՛ Մոսկվայի ու Վաշինգտոնի, ի վերջո բրյուսելյան հարթակին աջակցում է նաև ամերիկյան դիվանագիտությունը։ Բրյուսելյան հարթակում վերջերս ակտիվացավ Ֆրանսիան, որը մաս է կազմում համանախագահ երկրների ձևաչափին։
Այս պատճառով էլ Մարիա Զախարովայի այս չեզոք հայտարարությունն ունի մի քանի շեշտադրում, այնտեղ խոսում էր նաև «3+3»-ի մասով, որը չկայացավ, և դժվար է պատկերացնել, թե տարածաշրջանային համագործակցության այդ ֆորմատն ինչպես կարող է կայանալ։ Ի վերջո, դրան Վրաստանը դեմ է, քանի որ Արևմուտքը դուրս է մնում այդ բոլոր գործընթացներից։ Իսկ Վրաստանն առանց Արևմուտքի աջակցության՝ դժվար թե կարողանա ինչ-որ հարցեր լուծի կամ մասնակցի գործընթացներին»,- շեշտեց Ջոնի Մելիքյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե առաջարկվող հարթակներից Հայաստանի համար լավագույնն ու շահավետը ո՞րն է, փորձագետը պատասխանեց.
«Եթե խոսում ենք Հայաստանի համար նախընտրելի ձևաչափից, ապա Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է, որն այսօրվա գլոբալ հակամարտության ֆոնին դժվարացել է, որոշ երկրներ Հարավային Կովկասում ներկայացուցչին արդեն համանախագահ չեն կոչում։ Թեպետ հայկական դիվանագիտությունը բոլոր կոնտակտների մեջ հստակ շեշտում է, կարծում եմ, դա ճիշտ է, որ այդ անձինք նաև Մինսկի խմբի համանախագահ են։ Գուցե օրերից մի օր գան մի եզրակացության, որ կարող են նստել ու կոնկրետ մեր խնդիրները քննարկել։ Այդ պատճառով էլ նախընտրելին այս ֆորմատն է»։
Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, քանի որ կա մոսկովյան ձևաչափը, որն ունի իր օրակարգը, թեպետ բրյուսելյան հարթակը ևս սկսել է ընդմիջումներով անել նույն հարցերի շուրջ քննարկումներ, տեսանելի է, որ և՛ մոսկովյան ֆորմատը, և՛ թե բրյուսելյան ֆորմատն ունեն որոշակի խնդիրներ, մասնավորապես, վերջին՝Պրահայի ֆորմատը բարդ խնդիրներ ստեղծեց։
«Այստեղ մի կողմից՝ մենք կարևորում ենք Ֆրանսիայի դերը և համարում, որ նրա միջնորդությունը կարևոր է, դրան, սակայն, Ադրբեջանը դեմ է։ Բրյուսելում մի քիչ մտահոգված են, և առնվազն դեռևս չի ստացվում ինչ-որ հանդիպում կազմակերպել, չնայած, ինչպես հասկանում եմ, աշխատանքներ տարվում են, նույնն էլ Մոսկվայի հարթակում։
Այս պարագայում փաստը մեկն է, որ Երևանը պետք է աշխատի բոլոր հարթակներում, քանի որ ավելի ճիշտ է դիվանագիտական լծակներով դիվանագիտական աշխատանքներ տանել»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։