Էս այլանդակությանը պետք է պատասխանենք․Արեյանը՝ ավտոլվացման կետերի կողմից ջուր բաց թողնելու մասին
Փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 64 հեռախոսազանգ, որոնցից 50-ին տրվել է լուծում, 14-ի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ամենաշատը՝ 14 հեռախոսազանգ, ստացվել են Շենգավիթ վարչական շրջանից։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Վերահսկողության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքապետարանի աշխատակազմում թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 228 հեռախոսազանգ, որից 85-ը եղել է կոմունալ-կենցաղային բնույթի։ 11 զանգ վերաբերել է մայթերին և փողոցներում առկա մերկասառույցին։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադառնալով մերկասառույցի մասին ահազանգերին՝ համարեց տարօրինակ, քանի որ քաղաքում ձյուն չի տեղացել, բոլոր ճանապարհները մշակված են եղել, ապա նշեց․ «Հավատում եմ, որ այդպիսի ահազանգեր կարող են եղած լինել, որովհետև տարիներ շարունակ Երևանում մի երևույթ կա․ այդ լկտիության դեմն առնելու ձևը մենք էլ չենք կարողանում գտնել։ Բոլոր ավտոլվացման կետերը, կենդանի ձուկ վաճառող բոլոր խանութները, կենդանի ձուկ տեղափոխող ջրով մեքենաները, հատկապես մոյկաները ցերեկվա ժամին ջուրը բաց են թողնում փողոց։ Ամբողջ շաբաթ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը աղ ու ավազը բարձած՝ թափելով, մշակելով՝ դուրս է գալիս։ Էս այլանդակության դեմը մի ձև պետք է գտնենք՝ իրենց ադեկվատ ոճով պատասխանելու։ Համատարած աղտոտում են, սառցակալում գիշերը»։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց՝ ենթադրում է, որ կոյուղատար համակարգ պետք է ունենան, իսկ եթե չունեն, ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկել։ Կամո Արեյանը պատասխանեց, որ չգիտի՝ թույլտվության կարգում հոսանքի, ջրահեռացման տեխնիկական պայմաններ ունե՞ն, թե՞ ոչ, սակայն հիմնական ջուրը նրանք են փողոց դուրս թողնում։