«Մեր օրն աղոթքով է սկսվում, բոլորիս տներում սրբի նկար կա. շենքն ամեն վայրկյան կարող է փլուզվել». Լենուղու հանրակացարանի բնակիչ
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի հանրակացարանի շենքը փլուզման եզրին է: Բնակիչներն օրը սկսում և ավարտում են աղոթքով: Աստծուց մի բան են խնդրում՝ շենքը փուլ չգա, մինչև իշխանություններն իրենց խնդրին լուծում գտնեն:
Հանրակացարանի բնակիչ Գայանե Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում տեղացած ձյան և անձրևների պատճառով շենքի վիճակն ավելի է վատթարացել, թե շքամուտքը, թե բնակարանները խոնավության մեջ են:
Բնակիչները երեկ հավաքվել և իրենց տարածքի վարչական ղեկավարի հետ գնացել էին համայնքապետարան, ասելու, որ այլևս չեն կարող իրենց կյանքը վտանգելու գնով ապրել խարխուլ շենքում:
«Շենքում 23 ընտանիք կա, հավաքվեցինք գնացինք համայնքապետարան, դահլիճում նստեցինք ու անձամբ համայնքապետի հետ խոսեցինք, իրավիճակը ներկայացրեցինք, որ շենքն արդեն ահավոր վիճակում է, ամեն վայրկյան վտանգի տակ ենք: Թուրքիայի երկրաշարժից հետո էլ թեթև ցնցում էր եղել, շատ չէ, բայց վախեցանք, սկզբում մտածեցինք՝ երեխեքն են վազվզում, դրանից է, բայց հետո լուրերով տեսանք, որ երկրաշարժ է եղել:
Համայնքապետին ասացինք՝ շենքն ամեն վայրկյան կարող է փլուզվի, ի՞նչ եք մտածում, համայնքապետը պատասխանեց՝ համբերե՛ք, դեռ ժամանակը չի, պետք է իրավիճակը Կառավարություն ներկայացնենք, 2 շաբաթ հետո տեսնենք՝ ինչ պատասխան կլինի: Հետո ասաց՝ բյուջեում գումար չկա, երկրի ղեկավարներն անընդհատ փոխվում են, ամեն վայրկյանը խառնաշփոթ վիճակ է…
Ասում են՝ խառնաշփոթ վիճակ է, բայց իշխանությունների պարգևավճարները տեսնում ենք, դրանց համար գումար կա, իսկ մեզ նման խեղճերի համար՝ ոչ»,- ասաց հանրակացարանի բնակիչը:
Նրա խոսքով՝ համայնքապետը պատրաստակամություն է հայտնել՝ յուրաքանչյուր ընտանիքին 2 միլիոն դրամ տրամադրել, մնացած գումարը պետք է Կառավարությունը հատկացնի:
«Ասաց՝ կարող ենք 2 միլիոնը մենք տանք, մնացած 4 միլիոնն էլ Կառավարությունը որոշում կայացնի ու տա: Բայց 6 միլիոն դրամով մենք որտե՞ղ տուն կարող ենք առնել: 6 միլիոն դրամով թեկուզ բլած տուն չենք կարող առնել, մեզ գոնե 9 միլիոն պետք է, որ կարողանանք թեկուզ կիսակառույց տուն գնել, պատերն ու տանիքը լինի, մեջի գործերն էլ տարիների ընթացքում կանենք: Լենուղիում ամենասովորական կիսակառույցն էլ 9 միլիոնի սահմանում է»,- ասաց Գայանե Պողոսյանը, ապա հավելեց, որ գումարի վերաբերյալ բնակիչները որևէ առաջարկություն չեն ներկայացրել համայնքապետին:
Լենուղու հանրակացարանի բնակիչները դեռ 2022 թվականի աշնանն էին որոշել խնդիրը բարձրաձայնելու նպատակով գալ մայրաքաղաք և Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնել, սակայն մարզպետարանում այդ մտադրության մասին իմացել էին և կանխել այդ գործողությունը:
Տիկնոջ խոսքով՝ մարզպետարանից իրենց խոստացել էին, որ մինչև 2023 թվականի հունվարի 15-ը բոլոր՝ 23 ընտանիքներին էլ գումար կհատկացնեն, և տարիներով ձգված խնդիրը վերջնականապես կլուծվի:
«Աշնանը, երբ շենքի տղաները գնացել էին մարզպետարան, իրենց տեղեկացրել էին, որ մինչև հունվարի 15-ը անպայման գումարները կտրամադրեն: Մենք էլ այդ հույսով մեր տներում նստած սպասում էինք, որ մինչև հունվարի 15-ը պետք է ստանայինք, բայց իրենց ասած ժամկետից համարյա 1 ամիս անցել է: Քաղաքապետին այդ մասին էլ հարցրեցինք, ասաց՝ ինչ ուզում եք, արեք, այս պահին բան չենք կարող անել, պետք է Կառավարությունում իրավիճակը ներկայացնենք: Մենք ամեն վայրկյան վտանգի մեջ ենք, իսկ իրենք անընդհատ ինչ-որ պատճառաբանություն են ներկայացնում:
Հարցրեցինք՝ եթե շենքը փլվի, մեզանից մեկը մահանա, դուք պատասխան կտա՞ք, պատասխանեց՝ մենք չենք կարող պատասխանել ձեր հարցերին»,- ասաց վթարային շենքի բնակիչը:
Գայանե Պողոսյանն ասում է՝ շենքի բնակիչներով որոշել են, եթե մինչև փետրվարի վերջ իրենց խնդրին լուծում չտան, իրենք կտրուկ քայլերի կդիմեն:
«Համայնքապետին էլ նույնն ասացինք, որ ուզում ենք կտրուկ քայլերի գնալ, որովհետև այստեղ անհնար է ապրելը, մարդկանց կյանքը վտանգված է: Գիշերը վախով քնում ենք, աղոթում եմ, ասում եմ՝ Աստված ջան… Առավոտ արթնանում, նորից՝ Աստված ջան, երեխեքիս բան չլինի: Մեր առավոտներն ու գիշերները աղոթքներով են սկսվում ու ավարտվում, բոլորիս տներում սրբի նկարներ կան…»,- ասաց տիկին Գայանեն:
Հիշեցնենք, որ 168.am-ը նախորդ տարի նոյեմբերին էր նկարահանում իրականացրել Լենուղու հանրակացարանում, ֆիքսել, որ շուրջ 70 տարվա կիսախարխուլ շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ։ Մարդիկ լվացք անելու, ճաշ պատրաստելու, ինչպես նաև լողանալու համար ջուրը շենքի բակից տարաներով են տուն տանում։