Դատավորներին վախեցնում են. չխոսե՛ք. Զարուհի Նախշքարյանին ցուցադրական են պատժում. Ռուբեն Մելիքյան

«Մեր իրավապահ մարմինների համակարգն այսօր ակնհայտորեն չունի անկախություն և վերածվել է իշխող քաղաքական ուժի կամակատարի»,- այսպես գնահատեց  Հայաստանում այսօր գործող իրավապահ համակարգն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ժամանակ: Նա նաև ընդգծեց մեկ այլ հետաքրքիր բնութագրիչ՝ իրավապահ մարմինները ոչ թե պարզապես իշխող քաղաքական ուժի կամակատար են դարձել, այլ դարձել են քաղաքական բլոկի կամակատար։

«Ունենք իշխանություն, որի, գուցե հիմնական խնդիրն իշխանության մնալն է։ Արցախի հարցը, ամեն ինչ երկրորդական է։ Շատ քրեական հետապնդումներ, որոնք տեսնում ենք՝ որևէ քրեաիրավական հետևանք չեն կարող առաջացնել․անցած են վաղեմության ժամկետները, հոդվածն ապաքրեականացված է։ Որևէ պատժի չեն կարող այդ մարդկանց ենթարկել, բա ինչո՞ւ են այս ամենն անում։ Հազար ու մի բան կա, որոնցով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց հսկայական ռեսուրս են ծախսում այն գործերի վրա, որոնք որևէ ապագա չունեն։ Մարդն անգամ 10 դրամ տուգանքի ենթարկվել չի կարող։ Իսկ ինչո՞ւ են նման ռեսուրս ծախսում։ Պատասխանն է՝ քարոզչական նպատակով։ Քաղաքականությունն իրականացվում է իրավապահ մարմինների միջոցով, ոչ թե նրանց սեփական կամքի դրսևորում է։ Ինչպե՞ս է դա իրականացվում․առաջինը՝ ամեն գնով յուրայիններին խաղատախտակին շարելն է։ Այդ պաշտոնները նման են շախմատի ֆիգուրների, ուղղակի շարում են իրենց պետքական ֆիգուրները՝ հաշվի չառնելով՝ օրենքը դրա հնարավորությունը տալի՞ս է, թե՞ ոչ։ Այսինքն, այդ մարդիկ օրենքից բարձր են։

Օրինակ, հրապարակվեց, որ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Երանուհի Թումանյանցը պահանջվող մասնագիտական երկար ստաժի առաջին մեկ թե երկու տարի, որոշակի ժամանակահատված չի աշխատել մասնագիտական գործունեությամբ։ Եթե չեմ սխալվում, աշխատել է գործավար։ Ավելին, մարդն այդ ժամանակ իրավական կրթություն, դիպլոմ չուներ։ Սեդա Սաֆարյանը․մարդ, որը ունակ է ՍԴ դատավոր դառնալուց հետո զբաղվել փաստաբանությամբ։ Սա նույնիսկ վատագույն դեպքը չէ։ Այս ամենի գագաթնակետը կարող է համարվել Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի նշանակումը՝ որպես Արդարադատության նախարար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս ամբողջ համակարգի կիզակետում Բարձրագույն դատական խորհուրդն է։

Կարդացեք նաև

«Եթե մնացած բոլոր մարմիններն են այդպիսին, բայց ԲԴԽ-ն դիմադրություն է ցույց տալիս։ Եթե իրավապահ համակարգը վատն է, բայց դատարաններն ունեն մասնագիտական արժանապատվություն, կամք, սեփական խղճի, անվան նկատմամբ հարգանք, ապա դեռ ամեն ինչ չէ, որ կորած է։ Դատարանները կարող են վերացնել ապօրինությունները, բայց եթե իրենք են ենթարկվում ապօրինությունների, ապա արդեն, կարելի է ասել՝ իրավական պետության նշույլներ անգամ գոյություն ունենալ չեն կարող»,- ասաց Ռոբեն Մելիքյանը։

Նա անդրադարձավ նաև դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ արդեն 4-րդ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությանը։

«Կարգապահական վարույթները կարող են ունենալ քիչ թե շատ հիմնավորվածություն, համոզիչ փաստեր, բայց սա յուրահատուկ է նրանով, որ Արդարադատության նախարարն ասում է՝ գիտեք ինչ, դատավորներ, դուք չեք կարող կարծիք հայտնել ձեր իսկ գործընկերների նկատմամբ մեր որոշումների վերաբերյալ, ձեզ վերաբերող հարցերի վերաբերյալ։ Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցը կիրառվեց, քանի որ ծանրաբեռնվածության պայմաններում մարդը գործեր էր ուշացրել։ Այս պահին Զարուհի Նախշքարյանը լուրջ վտանգի տակ է։ Գիտակցում ենք, որ նպատակը նրան դատավորի լիազորությունից զրկելն է, դատական համակարգից հեռացնելը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս