«Այո, Սերժը Վրաստանի ղեկավարներին պարգեւատրում էր, ոչ թե ծխախոտի համատեղ «լեւի» բիզնես առաջարկում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այո, Սերժը Վրաստանի ղեկավարներին պարգեւատրում էր, ոչ թե ծխախոտի համատեղ «լեւի» բիզնես առաջարկում։

Երեկ ԱԺ նախագահի աթոռին բազմած էակն հայտարարեց, որ ««Երբ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլիին մեդալ էր տալիս, որը անձնական վիրավորանք կարող էր ընկալվել, բա ինչի չէիք ասում՝ մեր հարաբերությունները ինչու՞ եք փչացնում մեր ուժեղ դաշնակցի հետ»։

Իհարկե, վաղուց էր պետք դադարել զարմանալ Ալեն Սիմոնյանի և մնացած ուսապարկային զանգվածի անհեթեթ, հիմար հայտարարություններից, հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերող։

Պարզապես, որպեսզի մեր հասարակության դյուրահավատ հատվածի մոտ չառաջանա որևէ նստվածք, ևս մեկ անգամ փաստեմ.

1. Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև փոխադարձ պարգևատրման ավանդույթը եկել է դեռևս 1990-ականներից և անխափան շարունակվում էր։

2.Միխայիլ Սահակաշվիլին պարգեւատրվել է այդ ավանդույթի շրջանակներում Հայաստանի «Փառքի շքանշանով» 2009 թվականին։

3. Գուցե ռուսական, ինչպես Նիկոլը սիրում է ասել, որոշ փորձագիտական շրջանակներ դա ծանր էին տարել, բայց այդ փորձագիտական շրջանակներից վախենում է հենց Նիկոլ Փաշինյանը, երբ նրանց «գրպանը գցում» է՝ «մեզ Միութենական պետություն են տանում» ապուշագույն թեզը։

4.Սակայն, պաշտոնական Մոսկվան շատ լավ հասկացել էր այդ պարգևատրման հիմքում ընկած զարգացումները և երևույթները։

5. Մասնավորապես, Վրաստանի օդային տարածքը երբեք Հայաստանի համար մեր օրոք փակ չի եղել, այդ թվում՝ մինչպատերազմական, պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում։

Այդպես է եղել մինչ 2018 թվականը, իսկ թե ինչ էր կատարվում Հայաստանի օդային լոգիստիկայի հետ 44-օրյա պատերազմի ժամանակ, բոլորդ հիշում եք։

Այո, Սերժը Վրաստանի ղեկավարներին պարգեւատրում էր, ոչ թե ծխախոտի համատեղ «լեւի» բիզնես առաջարկում։
Սահակաշվիլու պարգևատրումը ոչ մի տեսակի ստվեր, նստվածք, կնճիռ հայ-ռուսական հարաբերությունների վրա չէր թողել։

Ավելին՝ 2009-ից հետո էլ կնքվում էին բազմաթիվ միջպետական կարևորագույն համաձայնագրեր, տեղի էին ունենում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պետական այցեր, Հայաստանը շարունակում էր ռազմատեխնիկական աջակցություն ստանալ Ռուսաստանից, այդ թվում՝մեծ ծավալով և անվճար։

Միայն այս ապուշների մտքով կարող էր անցնել իրենց օրոք վատթարացած հայ-ռուսական հարաբերությունները փորձել բացատրել մեր օրոք եղած հայ-ռուսական, հայ-վրացական, հայ-եվրոպակամ, հայ-ամերիկյան, հայ-իրանական լավ հարաբերություններով։

***
Քանի որ խոսեցինք Վրաստանի մասին, մի դրվագ պատմեմ, որի մասին չեմ բարձրաձայնել։
2018-ի իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Թիֆլիս և պետականամետ մարդկանց ջանքերով ինձ ներառեցին այդ պատվիրակության մեջ որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։

Հենց այդ պահից անձամբ ականատեսն եմ եղել Հայաստանն այդ թվականից այլևս ներկայացնող մարդկանց ինտելեկտուալ, դաստիարակչական, աշխարհաքաղաքական սնանկությանն ու թշվառությանը։

Մասնավորապես, ընդլայնված կազմերով կառավարությունների պատվիրակությունների նիստն էր, որին նաև ես էի մասնակցում։
Վրացական կողմը, սկսած վարչապետից, բովանդակությամբ շատ լավ էր պատրաստվել։

Հնչեցին բազմաթիվ խնդիրների մասին վերլուծություններ, առաջարկներ, այդ թվում՝ տարածաշրջանային լոգիստիկայի, չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված։ Վրաստանի արտգործնախարարը շատ կոշտ, բայց իրենց համար ռացիոնալ ներկայացրեց իր երկրի տեսակետը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Այս ամենին Հայաստանը ներկայացնող կողմը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, էլ չասեմ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պատրաստ չէին, բովանդակային, համարժեք, ինտելեկտուալ լուրջ զրույց չէր ստացվում:

Այդ քննարկումների ժամանակ անգամ Նիկոլը զգաց, որ հայկական կողմը «պարտվում» է և թեպետ քիչ հեռու էի իրենից նստած, կարողացա լսել՝ «կարո՞ղ է խոսես, Արմեն» ասվածն այն հույսով, որ ես կփորձեմ վերացնել վրացական կողմի պատրաստվածության և մեր կողմի սնանկության առաջացրած նստվածքը։

Ես մերժեցի՝ ընդգծելով, որ կառավարությունների հանդիպում է, իմ խոսելը ճիշտ չի, ես կխոսեմ ԱԺ-ում։

Այս դրվագը իմ աչքերում վերջնական խաչ դրեց բոլոր այն սին պատրանքների, հույսերի ռոմանտիկ պատկերացումների, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է ունենալ էլ ավելի լավ, էլ ավելի ապահով, էլ ավելի արժանապատիվ Հայաստան»։

Տեսանյութեր

Լրահոս