Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին այն հեղինակներին, որոնք հետաքրքիր և արժեքավոր գրքեր են հրատարակել 2022 թվականին: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին ՀԳՄ դահլիճում:

«Համահայական գրական հիմնադրամը Հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների համար այս տարի մրցանակների շարքն ընդլայնել է: Մեր խնդիրը ժամանակակից գրականության հանրահռչակումն է: Այս տարի ստեղծել ենք ասմունքի թատրոն, որը պետք է հանրահռչակի ժամանակակից գրողներին»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ գրողների միությունը որոշել է 2023 թվականը գրականության տարի հայտարարել:

Նրա խոսքով՝ մրցանակաբաշխությունը անցկացվում է ավելի քան տասը տարի: Միլիտոնյանն ասաց, որ դեռ Խորհրդային Միության տարիներին նմանատիպ մրցանակաբաշխություններ հաճախ են կազմակերպվել:

«Այս արարողությունը նախ գրողի համար է լավ, որ նա մրցանակի է արժանանում, քանի որ դա նրան ոգևորում է, իսկ ընթերցողի համար լավ է, որովհետև նա ճանաչում է այսօրվա ստեղծագործողներին»,-շեշտեց Միլիտոնյանը:

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (արձակ) արժանացավ Վրեժ Սարուխանյանը՝ «Ագռավաքար» գրքի համար։

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա) տրվեց Հակոբ Հարությունյանին՝ «Զինավառ ընձյուղ» գրքի համար։

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը (հրապարակագրություն) շնորհվեց Վահան Սաղաթելյանին՝ «Երկու դարի արանքում» գրքի համար։

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացան Գուրգեն Խանջյանը՝ Վլ. Օդսևսկու «Կենդանի մեռյալը» գրքի համար և Գագիկ Դավթյանը՝ «Ալ. Բլոկ» և «101 բանաստեղծ» գրքերի թարգմանությունների համար։

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակներ հանձնվեց Արա Առաքելյանին՝ «Համեմատական գրականագիտության հիմունքներ» գրքի համար և Սեյրան Գրիգորյանին՝ «Վահագն Դավթյանի պոեմները» գրքի համար։

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկապատանեկան գրականություն) շնորհվեց Գոհար Գալստյանին՝ «Գունդուչիկն ու հայելին» գրքի համար։

Սևանի ստեղծագործական տան մրցանակներին արժանացան Անուշ Վարդանյանը՝ «Սիրո լռություն» գրքի, իսկ Գայանե Փայտյանը՝ «Ասպրամ» գրքի համար։

Ծաղկաձորի ստեղծագործական տան Ե. Չարենցի անվան մրցանակները տրվեցին Անահիտ Թարյանին՝ «Մատյան Սիրո» վեպի համար, Դավիթ Գասպարյանին՝ «Եղիշեր Չարենցի կյանքը և ժամանակը» գրքի համար և Արտեմ Հարությունյանին՝ «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ» գրքի համար։

Թումանյանի անվան մրցանակը տրվեց Արևշատ Ավագյանին՝ «Իմաստասիրական մտորումներ» գրքի համար:

Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակը ստացավ Ռոլանդ Շառոյանը՝ պատերազմի թեմայով գրվածքների համար:

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակները տրվեցին Գագիկ Սարոյանին՝ բանաստեղծությունների համար, Հրանուշին՝ «Լույս ամենաներ» 2-րդ գրքի, Հռիփսիմէին՝ «44 օր» գրքի, Հովիկ Վարդումյանին՝ «Զինվորները ծնվում են մարտադաշտում» գրքի, Ժաննա Հակոբյանին՝ «Հայրենիքը փշրված հայելի» գրքի, Դավիթ Միքայելյանին՝ «Հայացք ձմեռնամուտի» գրքի (Արցախ), Ռոբերտ Եսայանին՝ «Հրեշտակի ինքնագիրը» գրքի համար (Արցախ):

Հատուկ մրցանակների արժանացան Տիգրան Նիկողոսյանը՝ «Բառ ու խոսքի տոնահանդես» և «Ինչի համար է ապրում մարդը» մանկական գրքերի համար և Լևոն Բլբուլյանը՝ «Խոսք ու զրույց» հրապարակագրական գրքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս