Ո՞ւմ և ինչպե՞ս են կողոպտել Համբարձում Մաթևոսյանի ազգականն ու նրա 3 ընկերները, որքա՞ն գումար են տարել

Aravot.am տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։

«Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։ Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով  դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ  ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։ Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են  ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ»,- գրել էր կայքը:

Նշենք, որ Գյումրու ավագանու  ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին է։

«Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ՝ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա»,- «Առավոտին» փոխանցել էին ՔԿ-ից:
Աղասի Մաթևոսյանի մասին 168.am գրել էր դեռևս 2022թ. սեպտեմբերի 9-ին.  ծավալում հրապարակում էինք արել այն մասին, թե ինչպես է այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր ազգուտակին պաշտոններ նվիրում հարազատ Շիրակի մարզում:

Կարդացեք նաև

Գրել էինք, որ իրենց ցանկացած թեկնածուին ամեն գնով Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրեն դարձնելու համար դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել էր նաև Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում:

Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով էր դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ արդեն նախարար է, հրահանգել էր փոխել կազմը, սակայն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չէր տվել:

168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Աղասի Մաթևոսյանի մասնակցությամբ Գյումրիի երեկվա դեպքից:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աղասի Մաթևոսյանն ու ևս երեք անձ կողոպտել են 2 ռուս զբոսաշրջիկի:

Մեզ փոխանցեցին՝ այդ 2 ռուս զբոսաշրջիկները ցանկացել են համար ամրագրել Գյումրու «Փարվանա» հյուրանոցում: Հյուրանոցը, սակայն, ազատ համարներ չի ունեցել: Դուրս են եկել՝ հասկանալու համար իրենց անելիքը: Նրանց են մոտեցել Աղասի Մաթևոսյանն ու նշյալ 3 անձինք: Սկսել են քաշքշել զբոսաշրջիկներին, ստուգել նրանց գրպանները:

Ենթադրաբար ռուս զբոսաշրջիկները փոքր-ինչ գինովցած են եղել, և օգտվելով նաև այդ հանգամանքից՝ այս 4-ը կարողացել են 900 եվրո գումար տանել նրանց մոտից: Ռուսները, հայտնաբերելով, որ իրենց կողոպտել են, դիմել են տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին, ովքեր ձերբակալել են Աղասի Մաթևոսյանին ու իր ընկերներին, և 900 եվրո գումարը նույն պահին էլ հայտնաբերվել է նրանց մոտ:

Մեր տեղեկություններով՝ ներկայումս Համբարձում Մաթևոսյանն ամեն ինչ անում է իր ազգականին այս թեմայից դուրս բերելու համար, որ մյուս երեքն իրենց վրա վերցնեն կողոպուտի փաստը, սակայն իրողությունն այն է, որ նրանք եղել են 4-ով, այդ թվում նաև՝ Աղասի Մաթևոսյանը:

Եվ այս մարդը դպրոցի կառավարման խորհրդի անդամ է ու որոշել է՝ ով լինի դպրոցի տնօրեն:

Տեսանյութեր

Լրահոս