Պաշտոնապես աշխարհաքաղաքական բաղադրիչ մտցվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման թեմայի մեջ՝ էլ ավելի սրելով ռեգիոնում աշխարհաքաղաքական տրամադրությունները․ Խրամչիխին
Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկոտ հայտարարությունն արեց` ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ երկարաժամկետ առաքելությանը վերագրելով գործառույթ, որոնց մասին հայտարարվում է առաջին անգամ։ Նշենք, որ ԵՄ նախորդ առաքելությունն արդեն ավարտել է իր տեղակայման ժամկետը, և ԵՄ-ն պատրաստվում է նոր առաքելության տեղակայման։
Նիկոլ Փաշինյանի խոսքից ստացվում է, որ ԵՄ դիտորդները ժամանում են Հայաստան՝ ոչ թե դիտարկելու Ադրբեջանի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, այլ՝ այդ սահմանին հայ-ռուսական, այսպես կոչված, գործողությունները դիտարկելու նպատակով։ Ներկայացնենք այս առնչությամբ Փաշինյանի ուղիղ խոսքը․
«Մինչև ԵՄ առաքելությունը, օրինակ, Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները՝ ընդդեմ Հայաստանի, բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին, և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունները կառավարելու համար»:
Ըստ Փաշինյանի՝ Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել՝ որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել՝ որպես արևմտյան դավադրության մասնակից, քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ։
«Արևմտյան մեր գործընկերներն արդեն սկսել էին ՀՀ-ին խեթ նայել, թե՝ դուք, փաստորեն, հիմա, իրականում, պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ՝ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն այդ ռազմական… Մենք ասացինք՝ շատ լավ: Մենք, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք՝ դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իր համար բարդ է անդրադառնալ ինչ-որ ենթադրությունների հիման վրա արված պաշտոնական հայտարարությունների։
Ըստ նրա, ստացվում է, որ ԵՄ դիտորդները տեղակայվել են ՀՀ-ում ռուսական ներկայության պատճառով՝ վերահսկելու Ռուսաստանին Հայաստանում, և ոչ ի աջակցություն Հայաստանի ու ռեգիոնի։
«Ադրբեջանը երբևէ չի նշել Հայաստանում ռուսական ներկայության վտանգի, առավել ևս՝ Հայաստանի հետ համատեղ ռազմական սադրանքների, առավել ևս՝ հարձակման մասին։ Չէ՞ որ մենք պետք է հղում անենք պաշտոնական հաղորդագրությունների, ես նման հայտարարություններ և նման տրամադրություններ չեմ նկատել ոչ ադրբեջանական, ոչ արևմտյան աղբյուրներում։
Ես չեմ կարող ասել, թե հայկական կողմն ինչ խոսակցությունների ու տրամադրությունների է հղում անում, այնուամենայնիվ, սա այնպիսի հայտարարություն է, որին հատկապես այս փուլում ռուսական կողմը կանդրադառնա, հաշվի առնելով նաև այն, թե ինչ ինտենսիվությամբ է ՌԴ-ն արձագանքել ԵՄ դիտորդների տեղակայման հարցին։
Այնուամենայնիվ հենց սրանով պաշտոնապես աշխարհաքաղաքական բաղադրիչ է մտնում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման թեմայի մեջ՝ ավելի սրելով ռեգիոնում աշխարհաքաղաքական տրամադրությունները, և առաքելությունը չի հաջողվի այլևս դիտարկել միմիայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը սպասարկող նախաձեռնություն»,- նշեց ռազմական վերլուծաբանը։ Միաժամանակ նա գտնում է, որ նման հայտարարությունները նպատակ ունեն կոծկել այս առաքելության իրական նպատակը՝ ԵՄ ներկայության հաստատում տարածաշրջանում ինչ-որ տեսքով և ՌԴ ազդեցության թուլացում՝ հետագա դուրսբերման նպատակով։
«Թե դա ինչպես կներկայացվի, ինչպես կփաթեթավորվի՝ կարևոր չէ, ի սկզբանե սա պարզ փաստ էր, երբ մերժվեց ՀԱՊԿ-ը և ճանապարհ հարթվեց ԵՄ-ի համար»,- նկատեց նա։