Պաշտոնական Երևանը բոյկոտում է ոչ թե Բաքվին, այլ Մոսկվային․ ի՞նչ պետք է անի Մոսկվան Հարավային Կովկասում իր դեմ երկրորդ ճակատ թույլ չտալու համար
Պաշտոնական Երևանը, չնայած հրաժարվում է Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ հանդիպումից Լաչինի միջանցքի փակման պատճառաբանությամբ, սակայն շարունակում է առաջարկներով փոխանակվել ադրբեջանական կողմի հետ։
Այսօր այցով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։
Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, և ինչո՞վ են դրանք նոր, նախարար Միրզոյանը հրաժարվել է փակագծեր բացել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և հիշեցրել է, որ եռակողմ հանդիպում էր նախատեսված դեկտեմբերին, սակայն հայկական կողմը հետաձգել էր այդ հանդիպումը Լաչինի միջանցքի փակման պատճառով։
«Չնայած սրան, մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ, և պետք է նաև ձեզ տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Ես կրկնում եմ, սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկներ և շարունակելով քննարկում»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք նաև, որ սա առաջարկների փոխանակման ամենևին էլ առաջին փուլը չէ, հայկական կողմը մոտ մեկ ամիս առաջ էր Ադրբեջանին փոխանցել նոր առաջարկներ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։
Սրան զուգահեռ, Մոսկվան՝ ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, պարբերաբար հայտարարում են, որ Մոսկվայի առաջարկը՝ հանդիպում կազմակերպել Մոսկվայում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, շարունակում է ուժի մեջ մնալ։ Ինչպես հայտնի է, Մոսկվա մեկնելու առաջարկը մերժել էր Արարատ Միրզոյանը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում անդրադառնալով գործընթացին՝ ենթադրեց, որ այդ առաջարկներն ամենայն հավանականությամբ փոխանցվում են ռուսական խողովակներով, ինչի մասին դեկտեմբերին Լավրով-Բայրամով մամուլի ասուլիսի ընթացքում ակնարկ եղավ։
Ըստ նրա, հասկանալի է ու դրական, որ անկախ առաջացող խնդիրներից, կա որոշակի գործընթաց, և այն ամբողջությամբ փակուղում չէ։
Նա նաև նշեց, որ այս մոտեցումն է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրվանից փորձում առաջ մղել Մոսկվան։ Սակայն, ըստ քաղաքագետի, տարօրինակ է, որ ամենայն հավանականությամբ օգտվելով հենց ռուսական դիվանագիտական խողովակներից, ունենալով որոշակի կոմունիկացիա Ադրբեջանի հետ, հայտարարելով, որ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, Երևանը մերժում է Մոսկվայի բոլոր առաջարկները։
«Խոսքը թե հանդիպման հրավերը, թե ՀԱՊԿ առաքելությունը մերժելու մասին է՝ այն դեպքում, երբ նույնիսկ հստակ չէ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում։ Մինչ Մոսկվայի մոտեցումները քննադատելը, լավ կլիներ սեփական մոտեցումները վերլուծել և հասկանալ, թե դրանք ինչպես են ընկալվում գործընկերների կողմից։ Երևանի համար ներկայումս խնդիրը Մոսկվան է, ամենայն հավանականությամբ, դատելով սրան զուգահեռ մնացած բոլոր քայլերից, սակայն Բաքուն շարունակում է աշխատել Մոսկվայի միջնորդությամբ, և դա այսօր իրողություն է։
Կա՞ ներկայումս արևմտյան այլ միջնորդ, որը կողմերի միջև ինչ-որ գործընթաց է իրականացնում, չկա՛։ Հնչում են հայտարարություններ, բայց այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար։ Սրան Բաքուն դեմ չէր լինի, եթե ԵՄ-ն չիրականացներ որոշ քայլեր, որոնք մտահոգում են Ադրբեջանին, ինչպիսին ԵՄ առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպիսին Մակրոնի դիրքավորումն է։
Տարածաշրջանում ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ ԼՂ-ն ռուսական վերահսկողության ներքո է, իսկ հայ-ադրբեջանական սահմանին Երևանի կամքով հայտնվում են ԵՄ դիտորդներ։ Հավաքական Արևմուտքը ողջ ներուժով աշխատում է, որպեսզի ետ բերի կորսված ազդեցությունը՝ Մոսկվայի ազդեցության հաշվին, օգտագործելով ռեգիոնի երկրներին Մոսկվայի դեմ՝ մեկին՝ ավելի արդյունավետորեն, մյուսին՝ ոչ այնքան»,- ասաց Տարասովը։
Ռուս կովկասագետը գտնում է, որ Մոսկվան, բնականաբար, պետք է որոշումներ կայացնի, չեզոքացնի այս բոլոր ռիսկերը, փորձի գոհացնել բոլորին և ավելի ստեղծարար դիվանագիտություն բանեցնի այս ոչ պարզ իրավիճակում, որում խճճվել են բոլորը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է իր քայլերը, բայց գործում է անվստահ ու անորոշ։
«Սակայն որպեսզի Հարավային Կովկասը չվերածվի Մոսկվայի դեմ երկրորդ ճակատի, դա պետք է անել։ Վաղուց հասունացել է Հարավային Կովկասում նոր որոշումներ կայացնելու ժամանակը, որոնք Մոսկվային ավելի վստահ դիրքերի դուրս կբերեն»,- ասաց նա։