Անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն քայլեր ձեռնարկվեն. Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Արցախպրես»-ին
Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում են որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։
Ներկայացնում ենք Արցախի ԱԳ նախարևարի հարցազրույցն ամբողջությամբ:
– Դուք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել եք շատ ծանր շրջանում, երբ Հանրապետության առջև ծառացած են գոյաբանական մարտահրավերներ, որոնք ավելի են սրվում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար:
– Կարճաժամկետ հեռանկարում մեր ջանքերն ուղղված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքի գործունեության շուտափույթ վերականգնմանը և, հետևաբար, Արցախի արդեն 58 օր տևող շրջափակման ամբողջական վերացմանը։
Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օգտագործում է առկա բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական նպատակների և դրա հումանիտար, տնտեսական և այլ հետևանքների մասին։ Մեր հիմնական նպատակն է հասնել միջազգային հանրության միասնական դիրքորոշման՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի գործողությունների և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնարին կդարձնեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման շարունակումը կամ նման սցենարի կրկնությունն ապագայում։ Բացի հասցեական հայտարարություններից ու կոչերից, անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն քայլեր ձեռնարկվեն, օրինակ՝ կիրառվեն պատժամիջոցներ, այդ թվում՝ անհատական բնույթի՝ այս անօրինական գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Առաջադրված նպատակներին հասնելու համար Արցախի ԱԳՆ-ն օգտագործում է իր դիրքորոշումն արտերկրում ներկայացնելու բոլոր հնարավորությունները։
Միջնաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ, ինչը ենթադրում է միջոցառումների համալիր՝ քաղաքական, դիվանագիտական, իրավական և տեղեկատվական ոլորտներում։ Արցախի ԱԳՆ-ն կօգտագործի բոլոր առկա հնարավորությունները՝ տեղեկացնելու միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող խտրական և ցեղասպան քաղաքականության, Արցախի պետականության հռչակման և կազմավորման քաղաքական և իրավական հիմնավորման մասին։ Մենք կշարունակենք հետևողականորեն պաշտպանել Արցախի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ենք տալիս հակամարտության կարգավորման միջազգային բանակցային մեխանիզմի վերականգնմանը՝ գործընթացին Արցախի իշխանությունների անմիջական և լիիրավ մասնակցությամբ։
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի պաշտպանել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, զարգացնել և խորացնել հանրապետության միջազգային հարաբերությունները տարբեր մակարդակներում։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրազեկվածության բարձրացմանը Արցախի և նրա ժողովրդի՝ իր անքակտելի իրավունքների համար արդար պայքարի մասին։
– Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ շրջափակելով Արցախը։
– Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ Մենք Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում ենք որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։
Այսօրվա շրջափակումը 2020 թվականին, Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ու վարձկանների ուղիղ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում օկուպացվել են Արցախի ընդարձակ տարածքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը։ Շուրջ 38 հազար մարդ զրկվել է իր տնից և դարձել փախստական կամ հարկադիր տեղահանված։ Արցախի 150 հազար բնակչից ավելի քան 90 հազարը, փորձելով փրկվել պատերազմի արհավիրքներից, ստիպված է եղել ապաստանել Հայաստանում։ Սակայն զինադադարի հաստատումից հետո Արցախի բնակիչների մեծ մասը վերադարձել է հայրենիք։ 2020 թվականի ագրեսիայի ժամանակ չկարողանալով հասնել իր բոլոր նպատակներին՝ Ադրբեջանը իր հանցավոր ծրագրերն իրականացնելու համար դիմեց այլ միջոցների։ Այս քաղաքականության վերջնանպատակն է ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի ժողովրդի վտարման և որպես այդպիսին՝ ոչնչացման միջոցով։ Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով։
– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
– Ողջունում ենք միջազգային հանրության հայտարարությունները Լաչինի միջանցքի շուտափույթ բացման և ամբողջ Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է ոչ թե հատվածական, այլ համապարփակ մոտեցում դրսևորել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ։
Արցախի շրջափակումը ոչ միայն մարդասիրական, այլ նաև նրա ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների ոտնահարման խնդիր է։ Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը դիտարկի նաև ոչ թե որպես մեկուսացված գործողություն, այլ որպես Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող լայնածավալ և համակարգված հարձակումների և արցախահայության իրավունքների ոտնահարման հերթական դրվագ։ Շրջափակման միջոցով Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար դիտավորյալ ստեղծում է այնպիսի կենսապայմաններ, որոնք միտված են նրա վտարմանը պատմական հայրենիքից։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Արցախը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները շրջափակման միջոցով իրականացնում են Արցախի էթնիկ զտման իրենց քաղաքականությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը համակողմանի իրավական մոտեցում դրսևորել Արցախի և նրա ժողովրդի իրավունքների հարցում և, համաձայն իրենց իսկ ստանձնած՝ զանգվածային վայրագությունները կանխելու միջազգային պարտավորությունների, անհապաղ ակտիվացնել ցեղասպանությունների վաղաժամ կանխարգելման գործող մեխանիզմները։
– Շրջափակման մեջ պահելով Արցախը՝ Ադրբեջանը միաժամանակ պահանջներ է առաջադրում թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Արցախից Ադրբեջանը պահանջում է Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության ճանաչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի պահանջներն ուղղակիորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթներին։ Ադրբեջանի այն փաստարկները, որ Լաչինի միջանցքը, որպես Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի մաս, գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, անհիմն են։ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Եռակողմ հայտարարության տակ դա Ադրբեջան պետության ուղղակի և բացահայտ համաձայնությունն է՝ հրաժարվել Լաչինի միջանցքի վերահսկողությունից և դրա բացառիկ վերահսկողությունը փոխանցել ռուսական խաղաղապահ զորամիավորմանը։
Փաստորեն, Ադրբեջանը ձգտում է վերանայել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը՝ փոխելով իրավիճակը գետնի վրա և ներմուծելով նոր միակողմանի տարրեր, որոնք հակասում են Եռակողմ հայտարարությանը։ Մենք բազմիցս շեշտել ենք Լաչինի միջանցքի կարգավիճակը և շահագործման ռեժիմը միակողմանի կերպով վերանայելու Ադրբեջանի փորձերի անօրինականությունը։
Այդ կապակցությամբ կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի պնդումները Լաչինի միջանցքով անցնող մեքենաները կանգնեցնելու և բեռները զննելու իր ենթադրյալ իրավունքի մասին, անհիմն են։ Եռակողմ հայտարարության մեջ չկան բեռների փոխադրման վերաբերյալ որևէ սահմանափակումներ՝ ըստ դրանց բնույթի, նպատակի կամ կիրառման:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին։
– Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը։ Եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։
Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության ներկա փուլի էությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կարողանում երաշխավորել իրավունքները, այլև նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու համար։
Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն ընդամենը քող են, որի հետևում Բաքուն կփորձի ավարտին հասցնել իր հանցավոր քաղաքականությունը։ Ադրբեջանի նախագահի վերոհիշյալ կոչը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Բաքվին, լքել Արցախը, ակնհայտ է դարձնում, թե Ադրբեջանի նպատակներից որոնք են իրական, իսկ որոնք՝ պարզապես հնարք։
Մենք վճռականորեն մերժում ենք ցանկացած առաջարկ Ադրբեջանին մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ իրավազորությունը փոխանցելու վերաբերյալ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը առաջին հերթին առաջնորդվել Արցախում ապրող մարդկանց շահերով, որոնց սպառնում է վտարում հայրենիքից։ Արցախցիներին սպառնացող վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անտարբերությունն ու անգործությունը զանցաթողություն է, եթե չասենք՝ մեղսակցություն։
– Ինչպիսի՞ն են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղիները արցախյան կողմի պատկերացմամբ։
Բովանդակային տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղղված լինի դրա սկզբնապատճառի վերացմանը՝ կապված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքները ճանաչելու Ադրբեջանի չկամության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական ուժի կիրառման հետևանքների շտկմանը։
Ընթացակարգային տեսանկյունից հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բանակցությունների արդյունքում կողմերի միջև համաձայնեցված որոշումների վրա։ Հենց դա է միջազգային իրավունքի պահանջը։ Մենք կողմ ենք Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնման գաղափարին։ Ուղիղ բանակցությունների շրջանակում կարող ենք հասնել արդար և երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող համաձայնության։
Միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային հանրության առաջարկությունները վկայում են, որ առկա է համընդհանուր ըմբռնում առ այն, որ Արցախի ժողովրդին բռնությամբ Ադրբեջանի իրավասությանը ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի խախտում է, իսկ այդ պլանի գործնական իրականացումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնության և հետապնդումների ծայրահեղ դրսևորումների:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը շարունակել ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Հակամարտության կարգավորման մյուս ուղիները զանցաթողություն են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հանդեպ։