
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:
Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:
Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին: