Քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են. սպառազինության շահագործման նորմաներ և ժամկետներ են որոշվում

Պաշտպանության նախարարությունը՝ հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, շրջանառության մեջ է դրել «Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով փորձ է արվում հստակեցնել կամ կարգավորել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու ժամկետների սահմանման (ձևավորման) համար անհրաժեշտ հիմքերը:

Նախագծում նշվում է, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներ են հանդիսանում ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռքբերված և օգտագործվող տարբեր տեսակի զենքերը և դրանց մարտական ​​կիրառումն ապահովող միջոցների համալիրները, այդ թվում՝ տեղափոխման միջոցները, ուղղորդման, արձակ­ման, կառավարման համակարգերը, ինժեներական սպառազինության միջոցները, այլ հատուկ տեխնիկական միջոցները, որոնք նախա­տես­ված են ՀՀ զինված ուժերը համալրելու համար, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈՒ-ում կիրառվող օպտիկական, ջերմատեսիլ, գիշերային տեսա­նե­լիության, տեղագրագեոդեզիական, ռադիոէլետրոնային, ազդանշանային միջոցները, համակարգերը, սարքերը և սար­քավորումները, էլեկտրոնային հետախուզական և զորքերի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի կա­ռավարման համակարգերը և այլն:

Նախագծում բացատրվում է, որ կուտակման նորմա է համարվում ԶՈՒ խնդիրների ապահովման և գործու­նեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ձեռքբերման կարիքը, շահագործման (ծախսի) նորմա է համարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օգտա­գործ­­ման (ըստ նշանակության կիրառման) ժամկետը (պի­տա­­­նիությունը)։

Ռազմական նշանակության միջոցների կուտակման հիմք են հանդիսանում ԶՈՒ խնդիրների ամենօրյա կամ հեռանկարային ապահովման և գործունեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ձեռքբերման տարեկան գնման պլանը, ԶՈՒ զարգացման պլանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի զար­գացման պետական ծրագիրը:

Կարդացեք նաև

Նշվում է նաև, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման ժամկետների, ինչպես նաև դրանց երկարացման համար հիմք են ընդունվում համա­պատասխան ռազմական նշանակության միջոցների գործարանային և (կամ) տեխ­նիկական կանոնակարգերը (տեղեկագրերը), առկայության դեպքում` ԳՈՍՏ-երը, ռազմական նշանա­կության միջոցի շահագործման ձեռնարկները, ընդ որում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ժամկետները երկարացվում են հանձնաժողովային կարգով՝ հաշվի առնելով նշված միջոցների օգտակարության շահագործման կարիքը։

Նշենք, որ նախագծում նշված ռազմական նշանակության միջոցների ձեռքբերման կարիքն է՝ ՌՆԱ (ռազմական նշանակության արտադրանքի) պահանջարկը, հիմք հանդիսանում տարեկան գնման պլանի համար, որը արտացոլված է ԶՈՒ և ՍՌՏ՝ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի զարգացման պլանում և ոչ երբեք հակառակը: Համենայնդեպս, պետք է այսպես լինի:

Հիշեցնենք, որ դեռ 2022թ. օգոստոսի 8-ին հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարության միջոցով իրեն առաջադրված մեղադրանքի համատեքստում անդրադարձել էր իշխանությունների՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի կուտակման, շահագործման նորմաների ու ժամկետների սահմանման վերաբերյալ վերոնշյալ գաղափարին, որում, մասնավորապես, նշվում էր.

«ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը:

Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացուցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռքբերմանը։

ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։

Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:

Եթե հարց է առաջանում՝ ինչո՞ւ վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են:

Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:

Որքանո՞վ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ:

Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան»:

Այս և այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Դավիթ Տոնոյանը իր նկատմամբ կատարվածը որակել էր ՝ «ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․»:

Ի դեպ, հիշատակված հայտարարության մեջ Դավիթ Տոնոյանը նշել էր, որ մտադիր է, բացի դատարանում գտնվող քրեական գործից, իր իրավունքների պաշտպանության համար նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել: Մտափոխվե՞լ է պաշտպանության նախկին նախարարը, թե՞ ոչ, հայտնի չէ:

Իսկ ՊՆ կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի կուտակման և շահագործման նորմաների ու ժամկետների սահմանման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է մտել նույն այն ժամանակահատվածում, երբ հրթիռների գործով անցնող զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ նոր զարգացումներ են սկսվել և սպասվում:

168.am-ը գրել է, որ մեր տեղեկություններով, գոյություն ունի հրթիռների գործով, այսպես ասած, անջատված մաս, որի շրջանակում Գլխավոր դատախազը պատրաստվում է մտնել ԱԺ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, և Դավիթ Գալստյանի նկատմամբ նոր հետապնդումը հենց այս շրջանակում է:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, հրթիռները ներմուծվել են դեռևս 2011-ին:

Տեսանյութեր

Լրահոս