Կորեական ընկերությունը հնարավոր է՝ ատոմակայան կառուցի Թուրքիայում
Հարավկորեական էներգետիկ ընկերությունը (KEPCO) Թուրքիային նախնական առաջարկ է արել ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիան նախորդ ամիս ատոմակայանի կառուցման համար պահանջել էր, որ KEPCO-ն առաջարկով հանդես գա։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ KEPCO-ի բարձրաստիճան ղեկավարությունը նախօրեին մեկնել է Անկարա։ Ընկերության գլխավոր տնօրեն Չոն Սոն Իլը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի հետ։
KEPCO-ի ղեկավարը ներկայացրել է Թուրքիայի հյուսիսային հատվածում 1400 մեգավատ հզորությամբ ատոմային էներգիայի 4 ռեակտոր կառուցելու առաջարկը։
Նախագիծը գնահատվում է 40 տրլն վոն, որը համարժեք է 32.5 մլրդ դոլարին:
«Երկու կողմերը լուրջ խորհրդակցություններ են սկսել նախագծի վերաբերյալ: Ծրագրի հետ կապված կիրականացվի տեխնիկատնտեսական հիմնավորում»,- ասված է KEPCO-ի տարածած հայտարարության մեջ։