Շուտով Երևանում կերթևեկի 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետն այցելել է տրոլեյբուսների հավաքակայան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է տրոլեյբուսների հավաքակայան:
«Ավելի քան 70 տարի է, ինչ Երևանի հասարակական տրանսպորտի մի մասը վերգետնյա էլեկտրատրանսպորտն է: Վերջին անգամ տրոլեյբուսային հավաքակայանը թարմացվել է 2008թ., ի դեպ, մասնակի շահագործված «ԼԻԱԶ» մակնիշի շարժակազմով: Տարիների ընթացքում կուտակված խնդիրներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի նոր տրոլեյբուսներով: Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից փոխադրամիջոցները շուտով կլինեն մայրաքաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Իհարկե, կարծում եմ՝ տրոլեյբուսների այն քանակը, որը գալու է, մենք կավելացնենք անպայման, որպեսզի շարժակազմը Երևանում ավելի շատ լինի, քան մինչ այսօր օգտագործում էինք: Տրոլեյբուսը բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց է համարվում, ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, կարծում եմ՝ նաև ռազմավարական տեսակետից. էլեկտրաէներգիան Հայաստանի Հանրապետությունն ինքնին արտադրում է, և կախվածություն չունենք այլ պետություններից: Ապագան էլեկտրատրանսպորտինն է, և պետք է փոփոխություններ կատարենք»,- ընդգծում է քաղաքապետը:
Ըստ աղբյուրի՝ Երևանն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսը քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է, որից ամեն օր շուրջ 10.000 ուղևոր է օգտվում:
«Ունեցել ենք 27 երթուղի, այս պահին գործում է 5-ը: Նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 70 կմ շահագործվել առանց հպակային լարերի, ինչը հնարավորություն կտա մեզ սպասարկել նաև նոր փողոցներ»,- նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը:
Նշվում է, որ տեխնիկական զննման, սպասարկման և համալիր վերանորոգման արտադրամասում շարժակազմի արդիականացմանը զուգահեռ հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև աշխատակիցների համար:
«Իհարկե, մենք նաև կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք: Պայմանները բարվոք չեն, նախնական որոշ շինարարական աշխատանքներ ենք սկսել, նկատի կունենանք նաև մեր հետագա անելիքները. նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, մրցույթի հրապարակում, ֆինանսական միջոցների հատկացում: Վստահ եմ՝ ամեն տարի գումար ծախսելով, կապիտալ ներդրում անելով մենք տրոլեյբուսների սպասարկման բավականին լավ կայան կունենանք»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
««Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն, ի դեպ, նոր ղեկավար ունի: Սարգիս Բեջանյանին ներկայացնելով աշխատակիցներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքով նախանշված ծրագրերը փուլ առ փուլ կիրագործվեն: Երևանյան սիրված ու բնապահպանապես մաքուր այս փոխադրամիջոցի զարգացման մեկնարկը տրված է»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: