Էապես մեծացել է տնտեսության կախվածությունը Ռուսաստանից
Մինչ իշխանությունների գործուն մասնակցությամբ հակառուսական տրամադրությունները Հայաստանում շարունակում են ակտիվանալ, Ռուսաստանը գնալով ավելի ծանրակշիռ դեր է ստանձնում մեր տնտեսության մեջ ու տնտեսական հարաբերություններում։ Էապես ավելացել է այդ երկրի կշիռը հատկապես տնտեսության մի շարք հատվածներում։
Անցած տարի արձանագրված բարձր աճն էլ առաջին հերթին դրա արդյունքն էր։
Կտրուկ մեծացել է Ռուսաստանի կշիռն արտաքին առևտրի, առավելապես արտահանման ոլորտում։ Արտահանման 43,6 տոկոսը բաժին է ընկել հենց այդ երկրին։ Մեկ տարի առաջ այն ընդամենը 28,2 տոկոս էր։
Ռուսաստանը միշտ էլ եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, բայց անցած տարի իրավիճակը շատ ավելի կտրուկ փոխվեց։
Արտահանումը Ռուսաստան մեծ տեմպերով ավելացավ՝ անվանական արտահայտությամբ 2,7 անգամով։ Իհարկե, պայմանավորված առաջին հերթին վերարտահանումներով։ Բայց դա մեծապես ազդեց՝ ինչպես երկու երկրների առևտրային հարաբերությունների, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վրա։
Արտաքին առևտրի արտահանման բաղադրիչի մեջ Ռուսաստանի բաժինն ավելի քան կրկնակի գերազանցում է ամբողջ Եվրամիության երկրներինը։
Ի տարբերություն Ռուսաստանի, ԵՄ արտահանման կշիռը նույնիսկ նվազել է։ Մեկ տարի առաջ անցնում էր 22 տոկոսից, հիմա դարձել է 15 տոկոս։
Միայն Ռուսաստան արտահանվել է 2,1 մլրդ դոլարի, իսկ Եվրամիության բոլոր երկրներ միասին՝ 717 մլն դոլարի ապրանք։ Գրեթե 2,9 անգամ ավելի քիչ։
Սա ևս մեկ անգամ խոսում է մեր տնտեսության արտահանելի հատվածի կարողությունների մասին։ Եվրամիության երկրների շուկաներում Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի պոտենցիալը շարունակում է մնալ ցածր։ Արտահանման հիմնական մասն էլ հանդիսանում է հանքահումքը։
Հայաստանը շատ ապրանքներ չունի եվրոպական շուկային առաջարկելու։ Եղածներն էլ հիմնականում տեղ չունեն այստեղ։ Այնինչ՝ ռուսական շուկայում այլ է իրավիճակը, հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, երբ շուկայի բազմաթիվ հատվածներում մատակարարումների համար ազատ տեղեր են ստեղծվել։ Դրանք կլինեն ներքին տնտեսության, թե ներմուծումների հաշվին, իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում հայ-ռուսական առևտրային հարաբերությունների միտումների վրա։
Այս պահին հայտնի են անցած տարվա 11 ամիսների տվյալները, որոնց համաձայն, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել գրեթե 2,1 մլրդ դոլարի ապրանք։ Նախորդ տարի ընդամենը 764 միլիոն էր։
Արտահանման այսպիսի կտրուկ աճի արդյունքում էլ էապես մեծացել է արտաքին առևտուրը։ Այդ թվում՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։
Հայաստանից ընդհանուր արտահանումն ավելացել է 2 միլիարդով, ներմուծումը՝ 3 միլիարդով։
Արտահանման աճերը հիմնականում ռուսական շուկայի մատակարարումների հաշվին են։ Ներմուծումների աճերը ևս կապված են դրա հետ։
Ռուսաստանի կշիռը Հայաստանի տնտեսության մեջ շարունակել է բարձր մնալ նաև ներդրումների առումով։
Չնայած ՌԴ-ում ստեղծված տնտեսական դժվարություններին ու խնդիրներին՝ Հայաստանի տնտեսությունը ներդրումների մեծ մասը ստացել է այդ երկրից։
Կատարված օտարերկրյա ներդրումների կեսից ավելին ունեն ռուսական ծագում։ Ընդ որում, դրանք կապ չունեն, այսպես կոչված՝ «փախած կապիտալի» հետ։
Ռուսական ներդրումները շարունակվել են հիմնականում այն ոլորտներում, որտեղ նախկինում եղել են։ Խոսքը, մասնավորապես, էներգետիկայի ու հանքարդյունաբերության մասին է։ Իհարկե, այլ ոլորտներում էլ կան, բայց շատ չեն։
«Փախած կապիտալը», որը պատժամիջոցների հետևանքով դուրս է եկել Ռուսաստանից, ըստ էության Հայաստանում ուղղակի ներդրումների չի վերածվել։ Այդ գումարները մեծամասամբ հանգրվանել են բանկային համակարգում։ Պատճառը հավանաբար վստահության հետ կապված խնդիրներն են, որոնք կան Հայաստանի տնտեսության նկատմամբ։
«Փախած կապիտալը», որը մնացել է Հայաստանում, հիմնականում ավանդների տեսքով պահվել է բանկային համակարգում։
Մոտավոր հաշվարկներով, խոսքը 1 մլրդ դոլարից ավելի գումարի մասին է։
Ռուսական կապիտալի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական համակարգում միայն դրանով չի սահմանափակվում։ Բանկային համակարգի այն ռեկորդային շահույթները, որոնք անցած տարի ստացվեցին, կրկին կապված են ռուսական կապիտալի հետ։
Ռուսական կապիտալի հոսքերի կտրուկ ավելացումը վերստին փոխել է Ռուսաստանի կշիռը մասնավոր տրանսֆերտների կառուցվածքում։ Վերջին տվյալներով, այդ երկրից ստացվել է հոսքերի գրեթե 70 տոկոսը։
Իհարկե, եղել են ժամանակներ, երբ այդ կշիռն ավելի բարձր էր, մուտքերի ընդհուպ մինչև 80-85 տոկոսը, բայց այն ժամանակ խոսքը շատ ավելի համեստ գումարների մասին էր։
Միայն Ռուսաստանից անցած տարի ստացվել է գրեթե 3,6 մլրդ դոլարի բանկային տրանսֆերտ։ Չորս անգամ ավելի շատ, քան նախորդ տարի։ Այդպիսի գումարի տրանսֆերտային հոսքեր նախկինում չէին արձանագրվել, նույնիսկ ամբողջ մուտքերի առումով։
Ֆինանսական այդ հսկայական հոսքերը մեծապես ազդեցին Հայաստանում՝ հատկապես առևտրի ու ծառայությունների ոլորտների ակտիվության վրա։ Եթե վաղը կտրվեն այդ հոսքերը, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն ազդեցությունները։ Ընդ որում՝ ոչ միայն ծառայությունների ու ներքին առևտրի պարագայում։ Ի վերջո, այդ գումարների մի մասը առևտրային նպատակ ունեին և ծառայում էին Հայաստանի միջոցով ռուսական շուկա վերարտահանումների իրականացմանը։
Անկախ նրանից, թե այս ամենն ինչի արդյունքում է եղել, էապես մեծացրել է Հայաստանի տնտեսության ու տնտեսական աճի կախվածությունը ռուսական կապիտալից ու սպառողական շուկաներից։ Դրանք ցանկացած պահի կարող են պտտվել հակառակ ուղղությամբ ու այդ պարագայում հետևանքները շատ ավելի ծանր կլինեն, քան ստացված արդյունքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ