«Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ»
Պողոս առաքյալի միջոցով ասված՝ Աստծու այն խոսքը, թե՝ ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված (Եփես. 4:1), ուղղված է բոլորին, քանի որ բոլորն անխտիր կոչում և հրավեր ունեն Աստծու կողմից: Բոլորն առանց բացառության կանչված են Աստծու Արքայություն, քանի որ անհնար է, որ Աստված կողմնակալ լինի, այսինքն՝ մեկին հրավիրի իր Արքայություն, մյուսին ոչ, ոմանց ավելի շատ սիրի, մյուսներին՝ ավելի քիչ: Աստված հավասարապես սիրում է բոլորին, մարդիկ են, որ քիչ կամ շատ են սիրում Աստծուն: Քանի որ բոլորը կանչված են, նշանակում է՝ կրում են Աստծու կոչը մերժելու կամ ընդունելու պատասխանատվությունը:
Աստված մարդուն ազատ է ստեղծել և չի ստիպում նրան, որ հետևի Իրեն: Եթե մարդ այս կյանքում վայելում է Աստծու ներկայությունը, ապա այն կվայելի նաև հավիտենական կյանքում, իսկ եթե զուրկ է Աստծու ներկայությունից, ապա այդ ներկայությունից զրկված կլինի նաև հավիտենական կյանքում: Այնտեղ՝ հավիտենական կյանքում, շարունակվելու է այն վիճակը, որի մեջ մարդը գտնվել է երկրային ու ժամանակավոր կյանքում: Դա մարդու ազատ ընտրության պտուղն է:
Քրիստոնյայի կյանքի նախատիպը Հիսուս Քրիստոս է, Նա է ցույց տալիս կյանքն ապրելու կերպը և չկա մեկը, որ ասի՝ ես ոչինչ չգիտեմ, ինձ ոչինչ հայտնի չէ, ոչինչ չեմ տեսել: Աստծու Որդին մարմնացավ և որպես Մարդ՝ օրինակ հանդիսացավ բոլորին, որ գնանք Իր հետքերով: Բազում սրբեր բազում չարչարանքներ կրեցին համբերությամբ՝ իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսին: Պողոս առաքյալն ասել է. «Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ պաշարում է մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ» (Եբր. 12:1):
Պատկերացնենք վազորդի, որ մարզադաշտով վազում է, և իր դիմաց նայելու փոխարեն նայում է հանդիսականներին, ովքեր եկել են իրեն հետևելու և ծափահարելու։ Նա, իհարկե, կսայթաքի և կընկնի, իսկ այն վազորդը, որ վազելիս դեպի վերջնագիծ և պարգև է նայում, չի շեղվի ու սայթաքի: Նույնը տեղի է ունենում քրիստոնյայի հետ։ Եթե նրա առջև Քրիստոս է, նա չի սայթաքի, իսկ եթե իր հայացքը շրջել է Քրիստոսից, ապա, անխուսափելիորեն, կսայթաքի: Հայացքը դեպի Քրիստոս ուղղած անձի հետ ինչ էլ որ լինի՝ ամենամեծ հաջողությունից մինչև ամենամեծ ձախողումը, երբեք չի տատանվի:
Ուշադիր չլինելու դեպքում քրիստոնյան թե՛ անհաջողությունից և թե՛ հաջողությունից կարող է վնասվել: Անհաջողության դեպքում մարդ ցավ է ապրում, ինչը նրան սթափեցնում է, իսկ հաջողության դեպքում մարդ Քրիստոսին նայելու փոխարեն, սկսում է այլ բանի նայել, արդյունքում մոլորվում է՝ կորցնելով իր կոչումն ու նպատակը: Եթե անգամ քրիստոնյան ձեռք բերի հարստություն, փառք, իշխանություն, ապա չպետք է մոռանա, որ ամեն ինչ ունայն է ու անցողիկ: Նա, ով ավելի շատ հնարավորություններ ունի, ավելի մեծ պատասխանատվություն է կրում Աստծու, մարդկանց և իր առաջ:
Եվ որքան մեծ է հարստությունը, փառքը, իշխանությունը, այնքան առավել մեծ է մարդու պատասխանատվությունը Աստծու, մարդկանց և իր առաջ: Այդ պատճառով քրիստոնյան պետք է ուշադիր լինի թե՛ հաջողության և թե՛ անհաջողության դեպքում: Մարդ ամեն պահի կարող է ծայրահեղ հաջողությունից ծայրահեղ ձախողման մեջ ընկնել: Ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստությունը, ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը, ո՛չ փառքը և ո՛չ անպատվությունը չեն կարող շփոթեցնել քրիստոնյային, եթե նրա առջև Քրիստոս է: Քանի որ ինչ էլ պատահի, նա գիտի, որ ընթանում է այն ճանապարհով, որ դեպի Աստված է առաջնորդում:
Այդպես չէր շփոթվում ու տատանվում Աստծուն վստահող և Նրան միշտ իր աչքի առաջ ունեցող հարուստ գյուղացին, որի մասին պատմվում է մի առակում: Մեծ հարստության տեր գյուղացուն շատերն էին նախանձում գյուղում, նա գեղեցիկ նժույգ ուներ, որ մի օր գնաց տափաստան և չվերադարձավ: Նրան նախանձողներից բացի նաև խղճացողներ ի հայտ եկան, բայց նա չէր տխրել, իսկ այն հարցին, թե ինչու իր դեմքին թախիծ չկա, նա պատասխանեց՝ իսկ ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ:
Նախանձող գյուղացիների ուրախությունը կարճ տևեց, քանի որ կորած ձին վերադարձավ տափաստանից՝ իր հետ բերելով վայրի ձիերի երամակ: Բոլորը կրկին սկսեցին նրան նախանձել, բայց ծերունին չէր ուրախանում և հանգիստ էր: Նրան ուղղված այն հարցին, թե ինչու ուրախություն չկա նրա դեմքին, նա նույն պատասխանը տվեց՝ ինձ տրված չէ իմանալ՝ դա լավ է, թե վատ: Մի օր նրա որդին ընկավ հեծելուն անսովոր ձիուց և խեղեց ոտքը, ոմանք տխրեցին, իսկ այլոք թաքուն ուրախացան: Բայց գյուղացին հանգիստ էր: Նրան կրկին հարցնում էին և նա նախկինի պես էր պատասխանում: Պատերազմ սկսվեց և բոլոր երիտասարդներին զորակոչեցին բանակ, իսկ նրա որդուն չվերցրին: Բոլորը կրկին սկսեցին նախանձել նրան: Միայն ծերունին էր, որ ո՛չ տխրում էր, ո՛չ ուրախանում…
Յուրաքանչյուրն իր սրտում կարող է տեղ ունենալ ընտանիքի, աշխատանքի, հայրենիքի համար, բայց ոչինչ չի կարող Աստծու տեղը գրավել: Եթե այն տեղում, որ վերապահված է Աստծուն, այլ բան զբաղեցնի, ապա կսկսվեն խնդիրները և ամեն ինչ կփլուզվի: Ավետարանը չի ուսուցանում չսիրել ընտանիքը, հայրենիքը, աշխատանքը կամ որևէ այլ բան, այլ հակառակը՝ այդ ամենի հանդեպ առողջ սեր ունենալ և իմանալ ամեն ինչի սահմանները: Երբ մարդ սիրում է ինչ-որ մեկին, ով դարձել է նրա կյանքի նպատակը, նրան կուռք է դարձրել ու աստվածացրել, ապա անխուսափելի են խնդիրները: Քրիստոս ասել է. «Ով որ գալիս է Ինձ մոտ և Ինձ ավելի չի սիրում, քան իր հորն ու մորը, կնոջն ու զավակներին, եղբայրներին ու քույրերին և նույնիսկ իր անձը, չի կարող Ինձ աշակերտ լինել» (Ղուկ. 14:26): Սիրել՝ չի նշանակում դիմացինին աստվածացնել կամ ճնշել, այլ հակառակը՝ հարգել նրա ազատությունը: Սերը միավորում է մարդկանց, բայց չի քանդում դիմացինի անհատականությունը: Անհիմն և անխոհեմ սերը ցավ է պատճառում:
Ինչպե՞ս արժանի լինել Աստծուն, այս հարցի մասին էր խորհում ոմն եղբայր և այս հարցն ուղղեց աբբա Անտոնիոսին: Պատասխան տվեց ծերը և ասաց. «Ինչ պատվիրեմ քեզ՝ պահիր և կապրես: Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ, և ինչ էլ որ գործես Սուրբ Գրքի վկայությամբ ձեռնարկի՛ր: Ամեն տեղ, ուր նստես, դյուրաշարժ մի՛ եղիր. այս երեքը պահի՛ր և կապրես»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը