Երկարատև պատերազմը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ մնացած աշխարհի համար. RAND

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին քննարկումներն ավելի ու ավելի են կենտրոնանում այն ​​բանի վրա, թե՞ ինչպես կարող է ավարտվել հակամարտությունը: Ամերիկյան RAND վերլուծական կենտրոնի փորձագետները նոր հոդվածում նշում են պատերազմի զարգացման ուղիները եւ ԱՄՆ շահերի համար հնարավոր հետեւանքները։

Նրանք պնդում են, որ Միացյալ Նահանգները մեծ շահ ունի Ուկրաինայում երկարատեւ պատերազմից խուսափելու հարցում: Եվ, չնայած Վաշինգտոնը չի կարող միայնակ որոշել հակամարտության տեւողությունը, այն կարող է քայլեր ձեռնարկել՝ բանակցությունների միջոցով կարգավորումն ավելի հավանական դարձնելու համար: Դրանք ներառում են Ուկրաինային ապագա օգնության ծրագրերի հստակեցում, Ուկրաինայի անվտանգության ապահովման պարտավորությունների ստանձնում, Ուկրաինայի չեզոքության երաշխիքների ապահովում եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանների ստեղծում։

Նման քայլերը կարող են առանցքային լինել Ռուսաստանին եւ Ուկրաինային դեպի խաղաղ բանակցություններ մղելու համար: Այլընտրանքը «երկարատեւ պատերազմն է, որը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ մնացած աշխարհի համար»։

«…Թեեւ ավելի երկար պատերազմը կարող է թույլ տալ ուկրաինացի զինվորականներին ազատագրել ավելի շատ տարածքներ, այն նաեւ այլ հետեւանքների կհանգեցնի ԱՄՆ շահերի տեսանկյունից: Երկարատեւ հակամարտությունը, որքան էլ դա այլասերված թվա, որոշակի իրական օգուտներ ունի Միացյալ Նահանգների համար: Ավելի երկար պատերազմը ավելի կթուլացնի ռուսական բանակն ու ռուսական տնտեսությունը։ Բայց պատերազմն արդեն այնքան կործանարար է եղել ռուսական իշխանության համար, որ հետագա աստիճանական թուլացումը կարող է այլեւս այնքան էլ առավելություն չհանդիսանալ ԱՄՆ-ի շահերի համար, որքան հակամարտության սկզբնական փուլերում… Երկարատեւ պատերազմը ճնշում կգործադրի նաեւ եվրոպական կառավարությունների վրա՝ շարունակելու նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից եւ ավելի շատ ծախսոր անելու իրենց պաշտպանության վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է նվազեցնել ԱՄՆ պաշտպանական բեռը Եվրոպայում։ Այնուամենայնիվ, երկարատեւ պատերազմն ունի նաեւ զգալի թերություններ։ Այն կհանգեցնի ուկրաինական քաղաքացիական բնակչության հետագա մարդկային կորուստների, տեղահանումների եւ տառապանքների։ Ուկրաինայի համար այդ մարդասիրական հետեւանքները նվազագույնի հասցնելը բխում է Միացյալ Նահանգների շահերից։

Շարունակվող հակամարտությունը բաց է թողնում նաեւ այն հնարավորությունը, որ Ռուսաստանը կվերադարձնի Ուկրաինայի ռազմական ձեռքբերումները, որոնք ձեռք են բերվել 2022 թվականի աշնանը։ Ռազմական օգնության ջանքերի ինտենսիվությունը կարող է նաեւ անկայուն դառնալ որոշակի ժամանակահատվածից հետո: Հաղորդվում է, որ եվրոպական եւ ամերիկյան զենքի որոշ պաշարներն արդեն իսկ սպառվում են: Այսպիսով, հիմքեր կան կարծելու, որ ավելի երկարատեւ պատերազմը կհանգեցնի Ուկրաինայի հետագա ձեռքբերումների, հնարավոր են նաեւ կորուստների։

Ուկրաինական պետության տնտեսական վճարունակության պահպանման ծախսերը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համար շատ անգամ կավելանան, քանի որ հակամարտությունը խեղդում է ներդրումներն ու արտադրությունը։ Ուկրաինացի փախստականները դեռեւս չեն կարող վերադառնալ եւ, որպես հետեւանք, հարկային եկամուտներն ու տնտեսական ակտիվությունը զգալիորեն ցածր են, քան մինչեւ պատերազմը։

Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքները ոչնչացնելու Ռուսաստանի արշավը լուրջ երկարաժամկետ մարտահրավերներ կստեղծի պատերազմի ջանքերի պահպանման եւ տնտեսության վերականգնման համար, եւ էապես մեծացրել է Կիեւի կանխատեսումները՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից իրեն անհրաժեշտ տնտեսական աջակցության վերաբերյալ:

Պատերազմից բխող համաշխարհային տնտեսական ցնցումները կշարունակվեն եւ, հնարավոր է, կբազմապատկվեն այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը կշարունակվի: Պատերազմի բռնկումը էներգակիրների գների կտրուկ աճ է առաջացրել, որն իր հերթին նպաստել է գնաճին եւ ամբողջ աշխարհում տնտեսական աճի դանդաղմանը։ Ակնկալվում է, որ այս միտումները ամենաշատը կհարվածեն Եվրոպային: Միայն էներգակիրների գների աճը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի ձմռանը Եվրոպայում կհանգեցնի գրեթե 150 հազար մահացության (միջինից 4, 8 տոկոսով ավելի):

Բացի Ռուսաստանի համար հնարավոր օգուտներից եւ Ուկրաինայի, Եվրոպայի եւ աշխարհի համար տնտեսական հետեւանքներից, երկարատեւ պատերազմը հետեւանքներ կունենա նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա: Իր մյուս գլոբալ առաջնահերթությունների, մասնավորապես՝ Չինաստանի հետ մրցակցության վրա կենտրոնանալու Միացյալ Նահանգների կարողությունը սահմանափակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը խլում է բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ ԱՄՆ ռազմական ռեսուրսների ժամանակը: ԱՄՆ-ի հիմնական շահերի վերաբերյալ Ռուսաստանի հետ երկկողմանի կամ բազմակողմ ներգրավվածությունը, չխոսելով համագործակցության մասին, քիչ հավանական է:

Համաշխարհային մասշտաբով, Ռուսաստանի հետ երկարատեւ լարվածությունը կշարունակի խաթարել բազմակողմ ինստիտուտների աշխատանքը, ինչպիսին է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ կսահմանափակի ընդհանուր մարտահրավերներին կոլեկտիվ արձագանքելու հնարավորությունը: Այս պատերազմի ընթացքում Իրանի հետ Ռուսաստանի խորացող ռազմական համագործակցությունը, այն ժամանակ, երբ Իրանը հրաժարվում է միջուկային ծրագիրը զսպելու իր պարտավորություններից, հուշում է, որ Մոսկվան կարող է փչացնող դեր խաղալ այնպիսի հարցերում, ինչպիսին է զենքի չտարածման քաղաքականությունն է: Եվ, չնայած Ռուսաստանն ավելի շատ կախված կլինի Չինաստանից, անկախ նրանից, թե երբ կավարտվի պատերազմը, Վաշինգտոնը երկարաժամկետ շահագրգռվածություն ունի առ այն, որ Մոսկվան Պեկինի ամբողջական վերահսկողության տակ չընկնի: Ավելի երկար պատերազմը, որը մեծացնում է Ռուսաստանի կախվածությունը, կարող է ԱՄՆ-ի հետ մրցակցության հարցում առավելություն տալ Չինաստանին:

Քանի դեռ պատերազմը շարունակվում է, էսկալացիայի երկու ձեւերի ռիսկը բարձր կմնա։ Երբ պատերազմն ավարտվի, ռիսկը կտրուկ կնվազի։ Հետեւաբար, էսկալացիայի ռիսկերը նվազագույնի հասցնելու ԱՄՆ-ի առաջնային շահը պետք է ամրապնդի երկարատեւ պատերազմից խուսափելը: Կարճ ասած, երկարատեւ պատերազմի հետեւանքները՝ էսկալացիայի անընդհատ աճող ռիսկերից մինչեւ տնտեսական վնաս, շատ ավելին են, քան հնարավոր օգուտները:

Քանի որ կողմերից ոչ մեկը, կարծես թե, բացարձակ հաղթանակի հասնելու մտադրություն կամ կարողություն չունի, պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների ինչ-որ արդյունքով»:

Տեսանյութեր

Լրահոս