Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի 800-ամյա որմնանկարները վերականգնման կարիք ունեն
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի 800-ամյա որմնանկարները, որոնք առանձնանում են սյուժեների բազմազանությամբ, շարունակում են վտանգված մնալ: Մի մասը վնասվել է վանքից ներս հոսած անձրևաջրերի պատճառով, սակայն երկար տարիներ չեն վերականգնվում:
Ախթալայի վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որմնանկարների հարցով դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մեր հարցին ի պատասխան՝ վանահայրն ասաց, որ դեռ չեն դիմել, սակայն պատրաստվում են:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն էլ մեր հարցին, թե երկար տարիներ բարձրաձայնվում է Ախթալայի որմնանկարների ռեստավրացիայի հարցը, այս ուղղությամբ որևէ քայլ արվե՞լ է, պատասխանեց.
«Ախթալայի որմնանկարների ռեստավրացիայի հետ կապված պլանավորված աշխատանք, ցավոք, չկա: Գիտեք, որ վերականգնման կարիք շատ հուշարձաններ ունեն. դրանց թիվը 500-ից ավելի է, և դեռևս դա պլանավորված չէ: Ոլորտում շատ ունենք ոչ միայն պետական բյուջեից ֆինանսավորման, այլև մասնավորի հետ համագործակցության բավականին լավ փորձ՝ տարբեր հուշարձանների վերականգնման գործում, և այստեղ բարերարների կամ համապատասխան ֆինանսավորման դեպքում, իհարկե, պատրաստ ենք նաև այդ հարցը քննարկել: Սակայն պետական ծրագրով դեռևս նախատեսված չէ»:
Ախթալայի վանական համալիրի որմնանկարների ստորին շերտը 11-րդ դարում է արվել, դրանց գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը. դրանք անմիջական աղերս ունեն XI դարի հայկական մանրանկարչության, առանձնապես՝ «Մողնու ավետարանի» մանրանկարների հետ։ Վերին շերտի որմնանկարների պատկերագրությունը, որ կատարված է XIII դարից հետո, ոճով մոտ է բյուզանդական արվեստին։ Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացերեն և հունարեն արձանագրությունները վկայում են, որ որմնանկարները կատարել են հույն քաղկեդոնական շրջանների հայ նկարիչներ:
Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ, և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։
Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։
Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։
Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։