«Փողոցի մաքրուհիներից էլ հարցրեք, իրենք էլ գնահատական կտան բանակի մասին, ինքն այդ դասին է դասվում». Մովսես Հակոբյանը՝ Սասուն Միքայելյանի մասին

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել՝ կրկին հիշեցնելով նախկին իշխանություններին։

168.amը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ եթե Հայաստանը բանակ չի ունեցել, ապա ինքն այդքան ժամանակ որտե՞ղ է ծառայել, և եթե չկար բանակ, ինչպե՞ս եղավ, որ 2016 թվականին կասեցվեց թշնամու ագրեսիան, նաև 44-օրյա պատերազմից հետո բանակի նախկին ներուժը վերականգնելու համար այսօր Հայաստանն ունի՞ ռեսուրս։

«Բոլոր ժամանակներում, բոլոր գործերում, ոչ միայն բանակում, առաջինը պետք է բանակ ունենալու ցանկություն ունենալ։ Առաջինն այս հարցը պետք է տալ՝ ցանկություն կա՞ բանակ ունենալու, մնացած ամեն ինչը հայթայթվող, կազմակերպվող և ստեղծվող է, ինչն իրենից դժվարություն չի ներկայացնում։ Առաջինը պետք է ցանկություն ունենան բանակ ունենալու համար»,- շեշտեց Մովսես Հակոբյանը։

Հարցին՝ այսօր կա՞ բանակ ունենալու ցանկություն, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես ունեմ այդ ցանկությունը, բայց ես որոշող չեմ»։

Ինչ վերաբերում է բանակ չունենալուն, Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց

«Ես ծառայել եմ հայկական բանակում։ Ինչո՞ւ եք ինձ Սասուն Միքայելյանից հարցեր տալիս։ Նա ո՞վ է, իր տեսքին, իր խոսքին որ հետևում եք, ինքն իրավունք ունի՞ որևէ գնահատական տալու մեկին, իր գնահատականն ինձ համար զրո է։

Դե, փողոցի մաքրուհիներից էլ հարցրեք, իրենք էլ գնահատական կտան բանակի մասին, ինքն այդ դասին է դասվում։ Բանակի մասին գնահատական տալու համար ինքը դասվում է փողոցի հավաքարարի՝ մեծ հարգանքով փողոցի հավաքարարների հանդեպ, գուցե իրենք իրենց գործը լավ են անում… ինքն այդտեղից կարող է խոսել, ոչ բանակից»։

Տեսանյութեր

Լրահոս