«Զանգահարել է եղբորն ու ասել, որ վիրավոր է, ընկերները զոհվել են՝ փրկվելու հնարավորություն չկա». Զոհվածի հայր
Այսօր էլ բանակի օրվան նվիրված էին բազմաթիվ ծնողներ այցելել «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար ընկած տղաների հիշատակին։
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներից մեկի հոր համար հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ Հադրութում որդին զոհվեց, մի քանի ժամ հետո դին տվեցին իրեն, բայց կան այնպիսի զինվորներ, որոնց դին մինչև այժմ չեն գտնում։
«Պայմանագրային զինծառայող է եղել, 17 տարի եղել է ծառայության մեջ, զոհվել է Հադրութում՝ շրջափակման մեջ ։ Իր հետի զինվորները զոհվել են, մնացել է մենակ ինքը, վիրավոր զանգահարում է փոքր եղբորը։ Ասել է, որ ընկերները զոհվել են, մենակ է մնացել, փրկվելու հնարավորություն չկա։ Փոքր եղբայրը լսում է հարձակվողների ձայները, այդ ժամանակ զոհվում է։
Ժամը 5-ն անց կեսին զոհվել է, իրիկունն արդեն այդտեղից հանել են, սա էլ էր մի քիչ հետաքրքիր: Մարդ կա, մինչև հիմա իր երեխուն չի կարողանում գտնել, բայց բերեցին մի քանի ժամում հանեցին։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։
Երբ զանգահարել և եղբոր հետ խոսել է, ոտքերն է վիրավորված եղել։ Դիահերձարանում ասել են, որ փորին է վերք ունեցել, վզին, մի քանի տեղով էլ հարձակվողներն են կրակել, գլխին է եղել հարվածը։ Կասկածն այն է, որ նրանք գրոհեցին, ոնց եղավ մի երկու ժամ… դե պատերազմ է, այնպես չէ, որ մեղր ու կարագ են բաժանում, ամեն ինչի մենք սովորել ենք, դիմադրել ենք, ինչ անցել էր ծառայության»,- շեշտեց նա։
Ըստ զոհված զինվորի հոր, Հայաստանը երկու մասի է բաժանված, եթե ներքին թշնամին չխանգարի՝ բանակը շուտ ոտքի կկանգնի.
«Այս երկրում հարցերը լուծել են՝ սեղանների աղն են հանում, վիտրինաների ծխախոտն են հանում։ Բաներ կան, որ այդտեղից է սկսվում, չի կարելի, առաջին հերթին մտածեք այս տղանների մասին, զինվորների ապահովության մասին»,- եզրափակեց զինվորի հայրը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում