44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանն այսօր կդառնար 22 տարեկան
Ժորան ծնունդով Արցախից էր՝ Հադրութի շրջանի Տող գյուղից, ընտանիքի առաջնեկն էր, իրենից փոքր 2 քույր ունի։
Ժորա Սահակյանը զորակոչվել էր 2019 թվականին, ծառայում էր Մարտակերտում, 44-օրյա պատերազմի օրերին տեղափոխվել էին Մարտունի, որտեղ էլ ծառայակից ընկերների հետ զոհվել է։
«Հոկտեմբերի 25-ին իրենց վաշտը դիրքավորվել էր Մարտունու Ուրյան բարձունքի վրա ու նորից մարտի մեջ մտել։ Հոկտեմբերի 27-ին իրենց վաշտի հրամանատարը զոհվել է, ինչից հետո տղաներն ինքնուրույն՝ առանց հրամանատարի են պաշտպանել Մոնթեի պահած Ուրյան բարձունքը, ցավոք, հոկտեմբերի 30-ի երեկոյան նույն բարձունքում 19 զինծառայողներով զոհվեցին․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Ժորայի հայրը պատմեց, որ որդու մարմինը զոհվելուց 1.5 ամիս անց են իրենց փոխանցել՝ ԴՆԹ-ով նույնականացումից հետո․
«2020 թվականի նոյեմբերի 18-ին որոնողական խմբերը Ուրյան բարձունքից դուրս բերեցին տղաների մարմինները։ Մոտ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 15-ին, ԴՆԹ-ի պատասխանը եկավ, հաստատվեց, որ Ժորաս է»։
Ժորա Սահակյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Այսօր՝ հերոսի ծննդյան օրը, «Էլիտ պլազայի» մեծ շքասրահում ժամը 19։00-ին տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված երեկո։