ՍերԺ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց. ներկա չէին մեղադրյալն ու վկան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները:

Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նիստի սկզբում դատավոր Միսակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը և Սևան Քոչարյանը չեն ներկայացել դատական նիստին: Գևորգ Հարությունյանը հիվանդ է, և կա դա վկայող բժշկական փաստաթուղթ, իսկ Սևան Քոչարյանի պաշտպանը, գտնվելով արձակուրդում, արտերկրում է, իսկ նրա պաշտպանյալն առանց իր պաշտպանի չի ցանկացել ներկայանալ դատական նիստին:

Կարդացեք նաև

Դատական նիստին ներկա չէր, սակայն, նաև մեղադրյալ Գևորգ Հարությունյանի պաշտպանը՝ Հովհաննիսյանը: Դատարանը նրա բացակայությունը համարեց ոչ հարգելի:

Վկա Սևան Քոչարյանին բերման ենթարկելու որոշում դատարանը չկայացրեց, որովհետև վերջինիս բացակայությունը պայմանավորված էր նրա պաշտպանի բացակայությամբ:

Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին՝ ժամը 14:00-ին:

Վերջին դատական նիստի ժամանակ դատարանը հիմնավորված համարեց, որ վկա Սևան Քոչարյանի նախաքննական ցուցմունքներն էականորեն տարբերվում են դատարանում տված ցուցմունքներից, որոշվեց, որ նրա ցուցմունքները կհրապարակվեն ամբողջությամբ, ողջ ծավալով:

Նախորդ դատական նիստի ընթացքում նաև գործով հիմնական վկա Սևան Քոչարյանի պաշտպանը պահանջեց տրամադրել իր վստահորդի նախաքննական ցուցմունքները: Դատարանը մերժեց: Դատական նիստը հետաձգվեց մինչ 2023թ. հունվարի 12-ը: Այդ ընթացքում վկա Սևան Քոչարյանը կծանոթանա իր նախաքննական ցուցմունքներին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս