Բրյուսովի համալսարանն այլևս լեզվաբանական չէ, և ոչ էլ լեզվահասարակագիտական է. ես դրա մտահոգությունն ունեմ. Դավիթ Գյուրջինյան
ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:
Լրագրողներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանից հետաքրքրվեցին՝ եթե Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նոր ընտրություններ լինեն, նա կրկին կառաջադրի՞ իր թեկնածությունը։
Ի պատասխան՝ նա ասաց. «Իմ ընկալմամբ, Բրյուսովը լեզվաբանական համալսարան է, այնտեղ աշխատել եմ 25 երկար ու ձիգ տարիներ: Ես Բրյուսով չէի գնացել իբրև հյուր: Ես այդտեղի դասախոս եմ եղել: Իմ և Հեքեքյանի մի ձեռնարկ 8 անգամ տպվել և այդտեղ գործածվել է իբրև հայերենի ուսուցման հիմնական ձեռնարկ: Այնպես որ, ես օտար չեմ: Չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց Բրյուսովի ապագան, ճակատագիրն ինձ մտահոգում է»:
Հարցին՝ ցանկացաք առաջադրվե՞լ, թե՞ իշխանությունից առաջարկ ստացաք, Դավիթ Գյուրջինյանն արձագանքեց. «Իշխանությունի՞ց: Ես իշխանության ներկայացուցիչներից մեկն եմ: Զուգադիպեց, որ իշխանության ներկայացուցիչ եմ, իմ պաշտոնը բարձր է, ցածր չէ:
Ինձ շահագրգռեց ներկայացնել մի ծրագիր, որը Բրյուսովին կվերադարձնի իր նախկին բարի համբավը: Համալսարան, որը կրթել է օտար լեզուների ուսուցիչների: Այդ գործը լավ է արել՝ մինչև վերջերս: Բրյուսովի համալսարանն այլևս լեզվաբանական չէ, և ոչ էլ լեզվահասարակագիտական է: Այդ ուղղվածությունը նա այլևս չունի: Ես դրա մտահոգությունն ունեմ»:
Անդրադառնալով բուհերի միավորմանը՝ Լեզվի կոմիտեի նախագահն ասաց, որ կողմ է խոշորացման գաղափարին.
«Հայաստանի նման փոքր երկրի համար պետական այսքան բուհեր՝ իրենց մասնաճյուղերով և հեռակայի ուռճացած համակարգով, ուղղակի շռայլություն է»:
Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին միացնելու և Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս դարձնելու առնչությամբ էլ նա նշեց, որ առայժմ ոչինչ չգիտի.
«Դա տարածում են ջուր պղտորողները: Կարծիքներից մեկն է: Դուք նախագիծ տեսե՞լ եք, ես չեմ տեսել, բայց խոշորացմանը կողմ եմ»,- հավելեց Դավիթ Գյուրջինյանը:
Նա հայտնեց նաև, որ ռեկտորի ընտրության հարցով դիմել է դատարան, հիմքեր ունի, ընթացքը ցույց կտա: