Օրենքի փոփոխությունը պատերազմի ժամանակ կառավարությանը լայնածավալ գրաքննության լիազորություններ կտա. CPJ-ն ՀՀ կառավարությանը կոչ է անում հրաժարվել փոփոխություններից

Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտությունները որպես պատրվակ օգտագործեն մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերամշակեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը:

Այս մասին հունվարի 19-ին հայտարարություն է տարածել Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։

Կոմիտեն նշել էր՝ հունվարի 6-ին փակվեց Արդարադատության նախարարության կողմից 2022 թվականի վերջին մշակված օրինագծի հանրային մեկնաբանությունների հնարավորությունը:

Դեկտեմբերին շրջանառության մեջ դրված նախագծային տարբերակում օրինագիծը իշխանություններին լիազորում է ռազմական դրության պայմաններում ժամանակավորապես արգելափակել կայքերը, հավելվածները և սոցիալական մեդիա ցանցերը և «մասամբ կամ ամբողջությամբ» սահմանափակել ինտերնետ հասանելիությունը երկրում: Այդ նախագծում որևէ սահմանափակում չի նշվում իշխանությունների՝ նման գործողություններ կատարելու համար, չկա նաև բողոքարկելու որևէ միջոց:

Կարդացեք նաև

«Հայաստանի արդարադատության նախարարության կողմից մշակված օրինագծում գրաքննության ընդհանուր իրավասությունը պետությանը չափազանց մեծ հայեցողություն է տալիս կայքերն արգելափակելու, երկրի ինտերնետն անջատելու և լրատվամիջոցները գրաքննելու համար»,- ասում է Նյու Յորքում CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։

Ըստ նրա՝ «Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն այս օրինագիծը և մանրակրկիտ խորհրդակցություններ անցկացնեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ նախքան այն նոր ձևով ներկայացնելը»։

Հայաստանի գործող ռազմական դրությունը թույլ է տալիս իշխանություններին առգրավել լրատվամիջոցների սարքավորումները, սահմանել լրագրողների հավատարմագրման հատուկ ընթացակարգեր և «սահմանափակել կարծիքի ազատությունը օրենքով սահմանված կարգով»։

Մամուլի ազատության կոմիտեն հիշեցրել էր նաև, որ 2022թ. հուլիսին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության սահմանման վերաբերյալ ՀՀ կառավարությանը դիմում է հասցեագրել:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի դիմումի մեջ ասված էր՝ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

CPJ-ն իր հրապարակման վերջում տեղեկացրել էր, որ իր՝ խնդրի վերաբերյալ Արդարադատության նախարարությանն ուղղված նամակին պատասխան չի ստացվել։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս