Արցախում կատաստրոֆիկ վիճակ է. ստիպված են կանգնել իրենց ֆիզիկական անվտանգությունն ապահովողների կողքին. Ալեն Ղևոնդյան

Արցախը հայտնվել է բավականին բարդ վիճակում. Արցախում ապրող մեր հայրենակիցները, որոնք ավելի վաղ կոմպրոմիսի էին գնացել Արայիկ Հարությունյանի հետ՝ իմանալով, թե ո՞ւմ են պատկանում ցանքատարածությունները՝ Հորադիզից մինչև Սանասար, կամ ինչո՞ւ այնտեղ ինժեներական աշխատանքներ չէին տարվում, հիմա հայտնվել են աղետալի վիճակում։

Հիմա, որքան էլ Արցախում ապրող մեր հայրենակիցները հայտարարեն, որ ուժեղ են ու դիմադրելու են, բայց հարց է առաջանում՝ ումո՞վ, ի՞նչ ռեսուրսով, երբ Հայաստանի իշխանությունը թրքահպատակ է, որը բացահայտ հայտարարում է՝ չի՛ պատրաստվում բանակցել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով 43 օր շարունակվող Արցախի շրջափակման մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Արցախում վիճակը կատաստրոֆիկ է. Արցախը հայտնվել է միայնակ վիճակում։ Բանը հասել է նրան, որ Ռուսաստանն արդեն շատ բացահայտ ասում է՝ մեզ հայհոյում եք, մենք դա գիտենք, շատ լավ, բայց, եթե ուզում եք ֆիզիոլոգիապես գոյություն ունենաք, պետք է մտնեք առևտրի մեջ, ինչից, սակայն, Փաշինյանն իրեն մեկուսացրել է. ասում է՝ իմ հաշվով ինչ որոշում ուզում եք՝ կայացրեք, ես համաձայն եմ՝ Արցախն էլ կտամ, Ցեղասպանության թեման էլ կփակեմ, թուրքերի հետ էլ քիրվայություն կանեմ. ի դեպ, Թուրքիայի, որտեղ հասկացել են՝ հայերի մի զգալի մասին կարելի է փողով առնել, մի մաս կա, սակայն, որին չեն կարող»։

Կարդացեք նաև

Ըստ քաղաքագետի՝ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք համարած Փաշինյանը նույն տրամաբանությամբ պատրաստ էր հանձնել նաև Սյունիքը։

«Նա պատրաստ է հանձնել նաև Սյունիքը. ասում է՝ ով Սյունիքը կպահի, նրան էլ թող այն հասնի։ Իրանից, սակայն, հայտարարեցին ամենաբարձր մակարդակով՝ միջանցքի մասին անգամ չմտածեք, դրանից հետո է, որ հայկական կողմը հասկացավ՝ որ օրը Իրանը Մեղրիի սահմանն անցավ, թուրքերը մտնելու են Արարատյան դաշտ, որովհետև փոխվելու է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի իշխանությունը, սակայն, չի պաշտպանում երկիրը. պաշտպանելու ցանկություն անգամ չունի. դրա համար է, որ ՌԴ-ն բացահայտ ասում է՝ ասեք՝ ինչ եք ուզում, մենք դա կպաշտպանենք»,- ասաց Ալեն Ղևոնդյանը։

Քաղաքագետը վստահեցրեց՝ Սյունիքի վերաբերյալ ՀՀ իշխանության դիրքորոշման կոշտացումը կապ ունի ոչ թե իշխանության անձնական, այլ բացառապես արտաքին խաղացողների դիրքորոշման հետ։ Ըստ նրա՝ Սյունիքի հարցով խաղում է Արևմուտքը, որին Ադրբեջանը զրկել է Արցախում խաղալու հնարավորությունից, ուստի մնում է միայն Սյունիքով խաղը, և դրանով է պայմանավորված նաև ինչ-ինչ բանաձևերի ընդունումը, որոնք, սակայն, իրավիճակը փոխելու վրա որևէ ազդեցություն չունեն։

«ԵԽ բանաձևը կիրառական նշանակություն չունի, որովհետև Ալիևը հանգիստ կարող է ասել՝ դե, մեկ զինվոր ուղարկեք, թող բացի փակված միջանցքը։ Իրականությունն այն է, թե ո՞վ է հողի տերը, ուստի պետք է թիթիզ քաղաքականությունը տարբերել իրական քաղաքականությունից»,- ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ Արցախի հարցի վտանգավորության աստիճանն էլ ավելի է մեծացնում Հայաստանից ցուցաբերվող անտարբերությունը։

«Նման անտարբերության դեպքում է, որ Արցախում ապրող հայերը պետք է լինեն այն մարդկանց հետ, որոնք պահում են իրենց ֆիզիկական անվտանգությունը»,- ասաց Ղևոնդյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս