ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրին
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրին, ըստ դրա՝ Սինգապուրը մաքսատուրք չի կիրառի ԵԱՏՄ ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում:
Հաշվի առնելով Սինգապուրի առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով: Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցությունների անցկացման դիրեկտիվների համաձայն՝ ապրանքների, ծառայությունների և ներդրումների շուկա մուտքի ազատականացման մասով համաձայնությունների հիման վրա պետք է ձևավորվի Սինգապուրի հետ արտոնյալ առևտրի մասով փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ:
«Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ՝ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,-ասաց Քերոբյանը:
Անդրադառնալով կողմերի սակագնային պարտավորություններին՝ նախարարը ներկայացրեց, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է թվով 12 հազար 229 ապրանք, որից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: 597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս՝ 3 տարի հետո, 2340 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս՝ 5 տարի հետո, 2201 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս՝ 7 տարի հետ և 716 ապրանքատեսակի մասով մաքսատուրքի դրույքաչափի իջեցումը մինչև 0 տոկոս՝ 10 տարի հետո:
Սինգապուրը համաձայնագրով պարտավորություն է վերցնել չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:
Համաձայնագիրը վավերացնելու հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: