Զոոլոգիական հայրենասերների ոստիկանական հայրենիքը

Որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանի իրական պրոբլեմները՝ մակերեսի՞ն, ինչ-որ տեղ մեջտեղո՞ւմ, թե՞ գուցե ամենախորքում՝ ԴՆԹ մակարդակում։ Այս հարցի ստույգ պատասխանը կարող են տալ հոգեբանները, գուցե մարդաբանները, հնարավոր է՝ Աննա Հակոբյանը։

Բայց Նիկոլ Փաշինյանը, ունենալով սեփական պրոբլեմների գենեզիսի բացահայտման խնդիր ու չունենալով այդ գենեզիսը բացահայտող, ինքն է զբաղված Հայաստանի խնդիրների խորքի որոշմամբ, իր կարծիքով՝ երևի իմաստուն ախտորոշմամբ, այն հաշվով, որ նրան գուցե թվում է, թե օրիգինալ բառերի արտասանումը միտքը կարող է ինքնին իմաստուն դարձնել։

Եվ ահա, հերթական անգամ պարեկների հերթական խմբաքանակի ու դեսպանների մշտական ներկայության պայմաններում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի պրոբլեմները ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»։

Այսպիսով, ԴՆԹ-ի մակարդակ իջած Նիկոլ Փաշինյանը, առանց որևէ հիմնավորման, բնականաբար, եզրակացնում է նաև, թե այդ պրոբլեմները ծագում են «կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»։ Ասում է ու Պարեկային ոստիկանության ստեղծումը ներկայացնում՝ որպես «կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից մեկը»։

Կարդացեք նաև

Այս ամենը ասվում է պարեկների անիմաստ, դեսպանների շահամոլ և ՆԳ նախարարի հոգեպարար հայացքների ներքո։

Դեսպանները, թերևս, հասկանում են ու հասկանալով են լռում, պարեկները լռում են՝ որպես իրենց կարեցած մտագործունեության ամենաիմաստուն դրսևորում, ինչպես և գուցե նախարար ընկերը կամ հակառակը։ Ու լռողներից որևէ մեկը, բնականաբար, չի փորձում հարցնել Նիկոլ Փաշինյանին, թե նա ի՞նչ նկատի ունի՝ ԴՆԹ ասելով, կամ ի՞նչ է հասկանում, երբ բարբաջում է կարկատանների մասին։

Որևէ մեկը չի հարցնում ու որևէ հռետոր չի պատասխանում, որ գուցե ԴՆԹ ասելով՝ նա նկատի ունի Դավաճան Նիկոլի Թակարդ արտահայտության հապավումը, իսկ եթե դա այդպես է, ուրեմն նա միանգամայն իրավացի է՝ բոլոր պրոբլեմները հենց այդ հարթությունում են։

Որովհետև այլ ԴՆԹ-ի մասին խոսելու իրավունք չունի մեկը, ում պաշտոնավարման ընթացքում երկրում կատարվել են ԴՆԹ-ի միջոցով զոհերի նույնականացման ավելի շատ հետազոտություններ, քան նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Ինչպես և կարկատանի մասին իրավունք չունի խոսելու այն նույն մեկը, ում պաշտոնավարման ընթացքում ու պատճառով, Հայաստանի քարտեզը վերածվել է իսկական կարկատանների, իսկ Արցախի տարածքի մեծ մասն ուղղակի հատվել է նրանից։

Ահա ուրեմն, Արցախն ու Հայաստանը պետականության խեղկատակության կամ խեղկատակ պետականության վերածածը խոսում է Պարեկային ծառայությունը, այսինքն՝ ոստիկանությունը «նոր մտածողությամբ» փոխելու, «կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մասին»։ Այն դեպքում, երբ խոսքն ընդամենը հարկատուների միջոցով գնված թանկարժեք ավտոմեքենաներով ու նոր համազգեստով դանիելիոաննիսյանական հավաքագրմամբ խմբված ինչ-որ նեոոստիկանների մասին է, որոնց անիմաստությունն ու անհեթեթությունն ավելի ցցուն ու անբարո է դառնում բանակի խայտառակ պայմանների, ընդամենը երկու օր առաջ այրված զինծառայողների համապատկերում։

Ինչ վերաբերում է ԴՆԹ-ին, ապա այդ մակարդակում Նիկոլ Փաշինյանն իսկապես լրջագույն խնդիրներ ունի և այդ խնդիրների արձանագրություններն ունեն ավելի քան հարյուր տարվա պատմություն։

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում իրականացնում է այն, ինչի դեմ մինչև վերջին շունչը պայքարում էր հայ մտավորականությունը անցած դարասկզբին, և ինչի մասին այդքան գեղեցիկ, բայց նույնքան ցավալիորեն գրել է Վահան Տերյանը իր «Հոգևոր Հայաստան» մշտարդիական հոդվածում։

Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանը վերածել է, ինչպես Տերյանն էր ասում, «համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիքի», որովհետև էլի տերյանական ախտորոշմամբ, ինչպես ապազգային բուրժուազիան՝ հարյուր տարի առաջ, այնպես էլ ՔՊ-ական խաժամուժը՝ այսօր, հայրենասիրության բոլոր տեսակներից կրում է հատկապես զոոլոգիական հայրենասիրությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս