
«Սեփականատերերը դիմում են մեզ՝ իրենց գույքը վարձով տանք, իսկ ցանկացողներն ավելի քիչ են, քան նախկինում». Վահե Դանիելյան

Վարձակալության շուկայում գները նվազել են. անշարժ գույքի շուկայի մասնագետները սա պայմանավորում են Հայաստանից ռելոկանտների հեռանալով:
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Ռուս ռելոկանտների մեծ մասը գնացել են Հայաստանից, և բավականին մեծ քանակով վարձակալված գույքեր են ազատվում: Ամեն օր առաջարկները մեծանում են. սեփականատերերը դիմում են մեզ, որպեսզի իրենց գույքը վարձով տանք, իսկ ցանկացողներն ավելի քիչ են, քան նախկինում»:
Ի դեպ, Վահե Դանիելյանը նկատեց, որ 3 ամսվա կտրվածքով վարձակալության շուկայում գները նվազել են շուրջ 30 տոկոսով:
Ամփոփելով 2022 թվականն անշարժ գույքի շուկայի մասնագետն արձանագրեց, որ բավականին մեծ աճ է եղել՝ ինչպես գործարքների քանակի, այնպես էլ՝ գների հետ կապված: Նա հավելեց, որ, օրինակ, 2021 թվականի համեմատ՝ Կենտրոն, Արաբկիր համայնքների դեպքում, շուրջ 40-50 տոկոսի չափով էր դիտարկվել այդ բարձացումը:
«Այժմ աճը շարունակվում է, բայց իջել է ինտենսիվությունը՝ պայմանավորված արտաքին քաղաքական իրավիճակով,- հավելեց Վահե Դանիելյանը՝ նկատելով, որ շուկայում միտումները կհստականան հատկապես ՌԴ իրավիճակով պայմանավորված,- եթե զորակոչ սկսվի, ՌԴ քաղաքացիներ գան, գները կբարձրանան»:
Ի դեպ, ըստ նրա՝ Արցախի շրջափակման մասին ինֆորմացիան, սպասողական վիճակն ու անորոշություններն ազդել են վաճառքի շուկայի վրա. գործարքները նվազել են: