«Հարավում կյանքը կանգնած չէ, ժողովուրդը փորձում է ապրել, ինչպես մինչև այժմ ապրում էր՝ դժվարություններին դիմանալով». Հարավի գյուղապետ

Արդեն 41-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Շրջափակումն իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, քանի որ փակված է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, 120 հազար արցախահայեր հաստատակամ են իրենց որոշման մեջ՝ պայքարելու են ու ապրեն իրենց հողում։

168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ղեկավար Անդրանիկ Ղազարյանն ասաց, որ գյուղում մարդիկ  ապրում են այնպես, ինչպես ամբողջ Արցախում, իսկ դժվարությունները թեթևությամբ են հաղթահարում։

«Ինչպես ամբողջ արցախահայությունը, այնպես էլ մենք ամեն ինչի դիմանում ենք։ Այնպես չէ, որ Հարավում կյանքը կանգնած է, ժողովուրդը փորձում է նորմալ իր կյանքով ապրել, ինչպես մինչև այժմ ապրում էր՝ դժվարություններին դիմանալով»,- նշեց Անդրանիկ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ փառք Աստծո, այս պահին գյուղում այնպիսի հիվանդներ չկան, որ ծայրահեղ վիճակում են։ Դեղորայքի ու այլ հարցերով էլ դիմում են համապատասխան կառույցներին, նրանք փորձում են օգնել։

Կարդացեք նաև

«Եթե մինչ այս թշնամին կրակում էր գյուղի ուղղությամբ, ապա շրջափակման 41 օրերի ընթացքում գյուղի վրա չի կրակել։ Դեռ թշնամին սադրանքի չի դիմել, մենք մեր հողում ինչպես ապրել ենք, այնպես էլ շարունակում ենք ապրել»,- նշեց Անդրանիկ Ղազարյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս