«Երկու զինծառայողի վիճակը ծանր է». Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3-ին էլ՝ 2 ժամկետային զինծառայող և 1 սպա, տարբեր այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
168.am–ի հետ զրույցում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց, որ կենտրոնում գտնվող զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։
«Երկու զինծառայողի վիճակը ծանր է, 1-ինը՝ միջին ծանրության, այս պահին վիրակապություն ենք անում, այրվածքները մի քիչ մեղմացել են, այս պահին այսքանը կարող ենք ասել»,- նշեց Կարինե Բաբայանը։
Հարցին, թե նրանց կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Կարինե Բաբայանը պատասխանեց.
«Այո, այդ վտանգը կա, բայց միևնույն է՝ պայքարում ենք նրանց կյանքի համար»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Այս միջադեպից հետո եղան պաշտոնանկություններ, պաշտոնից ազատվեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Չնայած այս ողբերգությանը, մինչ այս պահը ոչ երկրի ղեկավարը, ոչ պաշտպանության նախարարը չեն այցելել դեպքի վայր։