ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ադրբեջանահաճո գրառումը, Միրզոյանի հանդիպումը Ստոլտենբերգի հետ․ ի՞նչ է ցանկանում ՆԱՏՕ-ն Հայաստանից, ու ի՞նչ կստանա Հայաստանը
Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմի ու հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին Հարավային Կովկասի խնդիրների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ն։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, ի տարբերություն նախկինի, հաճախ են այցելում Հայաստան ու Ադրբեջան և նույնիսկ ցանկություն հայտնում աջակցել արևմտյան հովանավորությամբ ընթացող, այսպես կոչված, կարգավորման գործընթացին։ Հայաստանի առումով այն տեղի է ունենում ՀՀ իշխանությունների ակնհայտ շահագրգռությամբ և հատկապես ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի համակարգմամբ, ով էլ, դիրքավորվելով՝ որպես հակառուս, առանձնահատուկ ջանասիրությամբ փորձում է ակտիվացնել Հայաստան-ՆԱՏՕ կապերը և Հայաստան-ՆԱՏՕ առանցքային անդամ երկրներ կապերն իր այցերով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և տվյալ երկրներ։
Հունվարի 18-ին Հայաստանում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։ Հայաստանում, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նրան ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը»,- ասված էր հաղորդագրությունում։
Կոլոմինային ընդունել էր նաև Փաշինյանը, և կրկին պաշտոնական հաղորդագրության շեշտադրումը տարածաշրջանային զարգացումներն էին, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
«Խավիեր Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին»,- ասված էր ՀՀ կառավարության հաղորդագրությունում։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Կոլոմինան հանդիպել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և հայաստանյան մի շարք փորձագետների։
Կոլոմինայի այցը կրում էր ռեգիոնալ բնույթ, ուստի վերջին երկու օրը նա Ադրբեջանում էր, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։
Իսկ այցն Ադրբեջան Կոլոմինան ավարտել էր թվիթերյան միկրոբլոգում արված հետևյալ խիստ ադրբեջանահաճո գրառմամբ․
«Հունվարի 20-ին՝ 1990 թվականի «Արյունոտ հունվարի» դեպքերի հիշատակի օրը, ավարտում եմ իմ 3-րդ այցը Բաքու։ Քննարկեցի նախարար Բայրամովի հետ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, Լաչինի միջանցքում իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար մտահոգությունները և ռեգիոնալ կայունությունը։
Բանակցությունները կարգավորման գործընթացի շարունակության բանալին են»։ Հարկ է ընդգծել, որ հայաստանյան հանդիպումների վերաբերյալ ևս Կոլոմինան թվիթերյան գրառումներ էր արել առանց նման առանձնահատուկ վերաբերմունքի։
Երեկ էլ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին։ Հանդիպումը կկայանա ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում փորձեց մեկնաբանել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների տրամաբանությունը և փոխադարձ ակնկալիքները։
Նա նախ հստակեցրեց ու ընդգծեց, որ այս հարաբերություններն ամենևին Հայաստանի ու Ադրբեջանի ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարի մասին չեն։ Եվսեևը նշեց, որ այդպիսի հեռանկար իբրև թե ունեին Ուկրաինան կամ Վրաստանը, բայց Ուկրաինան նույնիսկ դա չստացավ այս զարգացումներից հետո։
ՆԱՏՕ-ն, ըստ նրա, պարզապես փորձում է իր կողմից աջակցել Հարավային Կովկասը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հավաքական Արևմուտքի նպատակադրված ջանքերին, այսինքն՝ սա առավելապես գլոբալ խնդիր է, քան տարածաշրջանային։
«Այսինքն՝ տարածաշրջանային խնդիրները իբրև թե լուծելով՝ լուծել Արևմուտքի գլոբալ՝ ՌԴ թուլացման հարցը։ Սա է գլխավոր նպատակը։ Հստակ է, թե ինչ է ցանկանում Արևմուտքը և ինչ ջանքեր է ներդնում դրա համար Հարավային Կովկասում, սակայն հարցն այն է, թե արդյոք Հայաստանը, ի վերջո, ստանալո՞ւ է Արևմուտքից կամ ՆԱՏՕ-ից այն, ինչի կարիքն ունի։
Օրինակ՝ որոշակի անվտանգային երաշխիքներ։ Ես այն վստահությունն ունեմ, որ ոչ, չի ստանալու, և այդ պատասխանը ստանալը չափազանց բարդ չէ, նույնիսկ փորձագետ պետք չէ լինել դա հասկանալու համար։ Կարելի է ուսումնասիրել, թե ինչ ճանապարհ անցան Վրաստանն ու Ուկրաինան վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի է ծառայում հարաբերությունների այս ակտիվացումը՝ միայն Արևմուտքի շահերի՞ն։ Եթե դա գոհացնում է Հայաստանին, ապա ինչ-որ բան ասելը բարդ է։ Հարկ է նշել, որ ՌԴ-ում նկատում են, որ սա տեղի է ունենում Ուկրաինայում ՌԴ ՀՌՕ-ի փուլում։
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որոշ հույսեր են կապում Արևմուտքի հետ, բայց կարծում եմ՝ այդ հույսերը և ակնկալիքները պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, հստակ չէ, թե ինչ է ստանալու Հայաստանը, բայց դա ՀՀ իշխանությունների ընտրությունն է»,- ասաց նա։
Ռուս ռազմական վերլուծաբանը գտնում է, որ առանձին հանդիպումներ ու շփումներ քննարկելու կարիք չկա, քանի որ այդ շփումների ընթացքում քննարկվում են ոչ այնքան կոնկրետ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումները, փոխադարձ ծրագրերը, որքան գլոբալ հարցերը։